«Հույս ունենք, որ Անկարան կկատարի Սուրբ Սոֆիայի հարցով ստանձնած պարտավորությունները». Լավրով

«Հույս ունենք, որ Անկարան կկատարի Սուրբ Սոֆիայի հարցով ստանձնած պարտավորությունները». Լավրով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱնկարան պետք է կատարի ստանձնած պարտականությունները, որոնք կապված են Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ կարգավիճակի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Աթենքի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

«Հիմնվում ենք նրա վրա, որ թուրքական կողմը, ինչպես մեզ բազմիցս վստահեցրել են, կառաջնորդվի փոխադարձ հարգանքի սկզբունքներով, պատշաճ կերպով կվերաբերվի ուղղափառ հավատացյալների զգացմունքներին և կկատարի ստանձնած պարտականությունները՝ օբյեկտի կարգավիճակի հետ կապված բոլոր կանոնները և պայմանները պահպանելու ուղղությամբ, կապահովի դրա լիակատար անվտանգությունը և հասանելիությունը զբոսաշրջիկների և ուխտագնացների համար»,- նշել է Լավրովը:

Նրա խոսքով՝ տաճարի վիճակի գնահատականը որոշում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կենտրոնի փորձագետների մոնիտորինգային առաքելությունը:

«Հույս ունենք, որ հոկտեմբերի 5-9-ը անցկացված ստուգումների արդյունքների հիման վրա կներկայացվեն հանձնաժողովի եզրակացությունները, այդ թվում՝ թուրքական կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքների որակի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, ինչպես նաև բոլոր հավատքի ներկայացուցիչների անխոչընդոտ հասանելիությունը դեպի Սուրբ Սոֆիայի տաճար»,– հավելել է Լավրովը:

Հաղորդվում է, որ հոկտեմբերի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է առաջին մուսուլմանական աղոթքը կատարել Ստամբուլի Սուրբ Փրկչի եկեղեցում՝ այդպիսով՝ քրիստոնեության ևս մի հուշարձան պաշտոնապես մզկիթի վերածելով: Հայտնի խճանկարները և սրբագրությունները կծածկվեն վարագույրով, ինչպես Սուրբ Սոֆիայի տաճարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում