Բացահայտվել են պետական դավաճանության, լրտեսության դեպքեր. ԱԱԾ տնօրենի տեղակալ

Բացահայտվել են պետական դավաճանության, լրտեսության դեպքեր. ԱԱԾ տնօրենի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՊատերազմական գործողությունների սկսվելու օրվանից մինչև օրս Ազգային անվտանգության ծառայությունը 24-ժամյա գրաֆիկով իրականացնում է իր վրա դրված պարտականությունները, այդ թվում նաև՝ արտաքին հետախուզության, հակահետախուզության, ռազմական հակահետախուզության ուղղությամբ. Քննչական կոմիտեի և ԱԱԾ ներկայացուցիչների համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը:

Նրա խոսքով՝ կան բացահայտված դեպքեր պետական դավաճանության և լրտեսության բացահայտման, զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման ուղղությամբ, կիբերհանցագործության, համացանցում տեղադրվող կեղծ հրապարակումների վերաբերյալ և այլն:

Արմեն Աբազյանը նշեց, որ արտաքին հետախուզության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, մասնավորապես, Ադրբեջանի ուղղությամբ իրականացվող տեղեկատվավերլուծական աշխատանքների արդյունքում գնահատվել է ոչ միայն Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ ծավալելու հավանականությունը, այլև գործողությունների ընթացքում հակառակորդի հետապնդած ռազմաքաղաքական նկրտումները: Արձանագրվել են մարտական գործողություններին մասնակցող խաղաղ գրոհայինների զրույցները, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պատերազմական գոտում տեղակայված մի շարք վարձկան գրոհայինների անձնական տվյալներ:

«ԱԱԾ-ն մեծածավալ աշխատանք է իրականացնում նաև ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերում: Մասնավորապես, պաշտպանության նախարարի, ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի համատեղ հրամանների համաձայն և ռազմական ոստիկանության Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի ավտոճանապարհային որոշ հատվածներում տեղադրվել է 10-ից ավելի անցակետեր, որտեղ իրականացվում են շուրջօրյա աշխատանքներ՝ բացահայտելու օտարերկրյա հնարավոր լրտեսների ներթափանցումը և դիվերսիոն խմբերի բացահայտումը ՀՀ-ում: Այդ շրջանակում արձանագրվել է զենք- զինամթերքի Հայաստան տեղափոխելու մի շարք դեպքեր, որի ուղղությամբ ոստիկանության հետ համատեղ իրականացվել են համապատասխան աշխատանքներ»,– նշեց նա:

ԱԱԾ տնօրենի տեղակալը տեղեկացրեց, որ պատերազմական գործողությունների սկսվելուց հետո տեղեկատվական անվտանգության ուղղությամբ աննախադեպ աճել է պետական համակարգի վրա հարձակումների քանակը: Մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս գրանցվել է կիբերհարձակման շուրջ 692 հազար դեպք:

Ըստ նրա՝ ծառայության կողմից հնարավոր է եղել ապահովել պաշտոնական կայքերի և պետական տեղեկատվական համակարգերի բնականոն գործունեությունը: Համացանցում տեղադրված կեղծ հրապարակումների վերաբերյալ սոցցանցերում խուճապային տեղեկություններ տարածելու և մարտական գործողություների վերաբերող լուսանկարներ և տեսագրություններ տարածելու ուղղությամբ կատարված կանխարգելիչ գործողություների շրջանում գրանցվել է 245 դրվագ, որոնք փոխանցվել է ՀՀ ոստիկանություն և իրականացնում են համապատասխան աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում