Շատ մոտ ապագայում կարող ենք ականատես լինել Ռուսաստանի նոր նախաձեռնության. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

Շատ մոտ ապագայում կարող ենք ականատես լինել Ռուսաստանի նոր նախաձեռնության. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Շատ մոտ ապագայում մենք կարող ենք ականատես լինել Ղարաբաղյան հակամարտության գոտում Ռուսաստանի կողմից նոր նախաձեռնության, բայց շատ ավելի լայնակի, այդ թվում՝ հողի վրա վիճակ ապահովող: Անվտանգության փորձագետ Արման Սաղաթելյանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

«Այսօր կա խնդիր ավելի հուժկու ներգրավման, որը լինի ոչ միայն դիվանագիտական գործիքակազմով, այլև իր մեջ պարունակի բոլոր հարակից կոմպոնենտները, ներառյալ՝ ուժային, որոնք ապահովում են իրավիճակի տիրապետման ողջ գործիքակազմը»,- նշել է նա:

ՌԴ-ի հետ աշխատանքներում պետք է լինել շատ հստակ մեր ակնկալիքների հարցում: «Աշխատանքը ՌԴ-ի հետ պետք է լինի այն մակարդակի վրա, որ հսկան լինի, որ մենք այստեղ գործ ունենք հակաահաբեկչական պայքարի էլեմենտների հետ», – նշել է նա:

Միացյալ Նահանգների հետ աշխատանքում, ըստ վերլուծաբանի, պետք է հաշվի նստենք առկա իրողությունների հետ. «Նախընտրական է տրամադրությունները, մենք դաշտ ունենք այդ նախընտրականում հարց լուծելու՝ այդ թվում հաշվի առնելով ԱՄՆ-ում հայկական համայնքը»,– նշել է Կարեն Բեքարյանը:

Նրա կարծիքով՝ տպավորություն է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում տարածաշրջանում ինչ-որ պատասխանատվություն ստանձնել, և արդյունքում նրա գործողությունները դառնում են ավելի ձևական:

Ըստ Կարեն Բեքարյանի՝ եվրոպական արձագանքները ոչ միայն ուշանում են, այլ նաև օր-օրի սկսում են դառնալ անիմաստ: «Ֆրանսիան ունի մեծագույն շանս իրականություն փոխելու հողի վրա՝ ճանաչելով Արցախի անկախությունը և դա բերելով ընդհանրական եվրոպական օրակարգ», – նշել է նա՝ ընդգծելով, որ այստեղ մենք պետք է լինենք ոչ թե պասիվ սպասողի, այլ՝ նախաձեռնողի դերում:

Ինչ վերաբերում է հարևան երկրների մոտեցումներին և նրանց հետ մեր աշխատանքներին, ապա, Կարեն Բեքարյանի կարծիքով, Իրանի կառուցողական ներգրավվածությունը պետք է հասնի այնպիսի կետի, որից հետո Իրանի կողմից էլ կարմիր գիծ դրվի մյուսների գործողությունների համար, իսկ Վրաստանը պետք է վերանայի իր մոտեցումը, քանի որ դրանով նա այսօր միանում է թշնամու գործողություններին: «Վրաստանը պատրաստվո՞ւմ է ունենալ նեյտրալիտետ, երբ Ադրբեջանը որոշել է ոչնչացնել Արցախի ազգաբնակչությունն ու քաղաքները»,- նշել է նա:

«Ի տարբերություն Ադրբեջանի, որն ունի հաղորդակցության բազմաթիվ հնարավորություններ, որտեղից իր լոգիստիկական աշխատում է, Հայաստանի պարագայում դա երկու գիծ է: Հաշվի առնելով, որ մեր ռազմավարական գործընկերը և դաշնակիցը գտնվում է հյուսիսում, մեր հյուսիսային գիծը՝ Վրաստանի հետ սահմանը, ավելի կարևորված է: Այս ուղերձը պետք է շատ հստակ լինի Վրաստանի համար»,-ընդգծել է նա:

Կարեն Բեքարյանի խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են թեստավորել տարածաշրջանային դերակատարների, ուժային կենտրոնների և միջազգային կառույցների համբերության կարմիր գծերը, և այդ թեստավորման միջոցով «կարելիի» կարմիր գիծը լկտիաբար լայնացնում են, ինչը ցավագին հետևանքներ է ունենալու ոչ միայն մեր, այլև ողջ տարածաշրջանի համար:

Մանրամասները տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում