Իրանը բոլոր ջանքերը ներդնում է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ․ ՌԴ-ում Իրանի դեսպան

Իրանը բոլոր ջանքերը ներդնում է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ․ ՌԴ-ում Իրանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին հայտարարել է, որ Թեհրանը խորապես մտահոգված է հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ և ընդգծել, որ Իրանը բոլոր ջանքերը ներդնում է Երևանի և Բաքվի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, գրում է en.irna.ir կայքը։

Դեսպանը նշել է, որ պատերազմը լուրջ հետևանքների է հանգեցնելու ինչպես Հայաստանում և Ադբեջանում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում։ Նա նաև հիշեցրել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին և արգործնախարար Ջավադ Զարիֆը բազմիցս բանակցությունների մեջ են եղել հակամարտող երկրների պաշտոնյաների հետ, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման համար միջնորդելու իրենց պատրաստակամությունն են հայտնել։

Դեսպանն իր խոսքում հստակեցրել է, որ արտատարածաշրջանային ուժերի կամ ահաբեկիչների ներկայությունը միայն սրելու է հակամարտությունը և սպառնալիք է դառնալու տարածաշրջաննային անվտանգության համար։

Ջալալին նշել է, որ տարածաշրջանային համագործակցությունն է հակամարտության կարգավորման և տարածաշրջանը ահաբեկչական կենտրոն չդարձնելու լավագույն տարբերակը։

Դեսպանը ընդգծել է նաև, որ Իրանը մեծ կարևորություն է տալիս իր անվտանգության հարցին, այդ պատճառով էլ երկրի սահմանապահ ուժերը ուշի-ուշով վերահսկում են իրավիճակը։

Հիշեցնենք, որ չորս օր առաջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) հայտարարել էր, որ ուժեր է տեղակայել երկրի հյուսիսարևմտյան հատվածում՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից տարածքները Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական բախումներից պաշտպանելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում