Ռուսաստանը Սիրիայում իր հուժկու ավիահարվածներով ԼՂ հակամարտությանն առնչվող «մեսիջ» է հղում Թուրքիային. TRT

Ռուսաստանը Սիրիայում իր հուժկու ավիահարվածներով ԼՂ հակամարտությանն առնչվող «մեսիջ» է հղում Թուրքիային. TRT

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՍիրիայում ապստամբների վերապատրաստման ճամբարին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հասցրած հուժկու ավիահարվածը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի նկատմամբ լծակների գործադրման նպատակ է հետապնդել, գրում է թուրքական TRT պետական հեռուստահեռարձակողը։

Աղբուրը նշում է, որ ռուսական ուժերի ավիահարվածը Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիացի ապստամբներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծավալվող հակամարտությունը փոխկապակցված են, քանի որ Անկարան, Բաքվին ակնհայտ աջակցելով, ուղղակի ընդհարաման մեջ է մտնում Մոսկվայի հետ։

Աղբյուրը գրում է, որ Ռուսաստանին ու Թուրքիային հաջողվել է երկկողմանի փոխշահավետ հարաբերություններ ձևավորել, սակայն վերջիններս տարաձայնություններ ունեն Սիրիայի և Լիբիայի քաղաքացիական պատերազմներում, որտեղ նրանցից յուրաքանչյուրը հակառակ կողմերից է հանդես գալիս։ Նշվում է, որ Ռուսաստանը և Թուրքիան միաժամանակ և՛ ռազմավարական գործընկերներ են, և՛ մրցակիցներ, որոշ դեպքերում էլ՝ ուղղակի հակառակորդներ։

«Շատ հավանական է, որ ռուսական կողմը ցանկանում է «մեսիջ» հղել Թուրքիային այն մասին, որ դժգոհ է Ադրբեջանին վերջինիս ցուցաբերած աջակցությունից»,- մեջբերվում է մոսկվաբնակ վերլուծաբան Էշրեֆ Յալինքըլըչլի խոսքերը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Սիրիայի Իդլիբ նահանգում կառավարական զորքերի դիրքերը հրթիռային և հրետանային հարձակման են ենթարկվել իսլամական խմբավորումների կողմից, որոնց աջակցում է Անկարան: Հաղորդվում է ռուս զինվորականների և սիրիական կառավարական զորքերի շրջանում զոհերի մասին:

Սիրիացի իրավապաշտպանների և դիտորդների հաղորդագրությունների համաձայն՝ նախօրեին Իդլիբում նախագահ Բաշար Ասադի հակառակորդների զինված խմբավորումներից մեկի վերապատրաստման ճամբարի ուղղությամբ հարված է հասցրել ռուսական ավիացիան: Դա հանգեցրել է տասնյակ մարդկանց մահվան, գրում է «Ամերիկայի ձայնը»-ն՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Անկարան և Մոսկվան համաձայնության էին հասել Իդլիբում հրադադարի վերաբերյալ, ինչը կանգնեցրել էր Ասադի ուժերի հարձակումը, կանխել արյունահեղությունը և տեղի բնակիչների զանգվածային միգրացիան:

Այս դեպքերի ֆոնին անկախ փորձագետները կապ են տեսնում Իդլիբում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների միջև, որտեղ Թուրքիան բազմակողմանի աջակցություն է տրամադրում Ադրբեջանին:

«Մոսկվան և Անկարան փորձում են միմյանց տեղը դնել»,– նշել է ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի Եվրոպա-Մերձավոր Արևելք կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Շումիլինը:

Նա նշել է, որ Իդլիբում հասցված ավիահարվածը դիտարկում է հիմնականում Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների համատեքստում: Շումիլինի կարծիքով՝ հարձակումը նահանգի վրա պայմանավորված է հարավկովկասյան հակամարտությունում Թուրքիայի՝ Ադրբեջանի կողմից մասնակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում