Թուրքիան սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանին, այլև քաղաքակրթությանը. Ռուբեն Մելքոնյան

Թուրքիան սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանին, այլև քաղաքակրթությանը. Ռուբեն Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱյս պատերազմը ավելի բյուրեղացրեց Թուրքիայի ապակառուցողական, ահաբեկչական մտածողության դրսևորումները և դրանք ի ցույց դրեց աշխարհին: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմին:

Ըստ Մելքոնյանի՝ տարբեր կոնֆլիկտներում ներգրավվելու թուրքական ոճը նույնական է՝ իրականացնել ռազմական ագրեսիա, ներխուժել տարատեսակ կոնֆլիկտների լուծման տիրույթ և դրանից հետո փորձել տեղ գրավել բանակցությունների սեղանի շուրջ:

«Դրա՝ արդեն չքողարկված ապացույցն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկվա հայտարարությունը, որ ՌԴ-ն պետք է բանակցի ՀՀ ղեկավարության հետ, ինքն էլ կխոսի Իլհամ Ալիևի հետ, և այս հարցը կկարգավորեն: Բացի այն, որ Թուրքիան սրանով ներգրավվում է կոնֆլիկտի մեջ, դա նաև Թուրքիայի բացահայտ արհամարհանքն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի նկատմամբ: Սա բացահայտ մարտահրավեր է աշխարհում ձևավորված ձևաչափերի, միջազգայնորեն ճանաչված հարթակների նկատմամբ, և Թուրքիայի բացահայտ նկրտումներն են՝ մտնելու տարատեսակ կոնֆլիկտների մեջ, որոնցում չունի կարգավիճակ»,-ասաց նա:

Թուրքագետի դիտարկմամբ՝ այս կոնֆլիկտում թուրքական գերնպատակներից մեկը Հարավային Կովկասում, Ադրբեջանում իր ռազմական դե ֆակտո ներկայության լեգիտիմացումն է, և Թուրքիան հետևողական քայլերով գնում է այդ ուղղությամբ:

«Այս միջոցով փորձ է արվում հայտնի զորավարժություններից հետո Ադրբեջանում մնացած թուրքական զորքին և ռազմատեխնիկային տալ լեգիտիմություն և Ադրբեջանի տարածքում ձևակերպել թուրքական ռազմաբազա: Ենթադրելի է, որ այդ բազաներից մեկը պետք է լինի Կասպից ծովի ավազանում, մյուսը՝ խորհրդանշական Նախիջևանում: Սա Թուրքիայի կողմից ևս մեկ մարտահրավեր է՝ ուղղված աշխարհին, տարածաշրջանային հավասարակշռությունների խախտմանը: Թուրքական ագրեսիվ ռազմական ներկայությունը տարատեսակ տարածաշրջաններում միտված է կոնֆլիկտները խորացնելուն, թեժացնելուն, և իր ծավալապաշտական նկրտումները բավարարելուն»,-ասաց թուրքագետը:

Դիտարկմանը, թե տարածաշրջանում ՌԴ-ն է համարվում ազդեցիկ երկիր, այդ դեպքում կարո՞ղ ենք ասել, որ սա նաև ուղղված է ՌԴ-ի դեմ, Մելքոնյանն արձագանքեց՝ միանշանակ: «Տևական ժամանակ է՝ ընթանում է ռուս-թուրքական պրոքսի պատերազմ, այդ պատերազմները տեղի են ունենում այն տարածաշրջաններում, որոնք ՌԴ-ի համար կարևոր են և զգայուն: Սա նաև գլոբալ մարտահրավեր է ՌԴ-ին»,-ասաց նա:

Մելքոնյանն ընդգծեց՝ քաղաքակիրթ աշխարհը պետք է հասկանա՝ բախվել է ահաբեկչական մտածողության հետ, և այդ բախումն առաջինը կասեցնում է հայ զինվորը, արցախահայությունը՝ որպես պատնեշ կանգնելով ադրբեջանական ահաբեկչական այս հարձակումների դեմ:

«Այն պետությունները, որոնք հիմա պասիվություն են պահում կամ երբեմն անհասկանալի քայլեր են անում, եթե կարծում են՝ թուրքական սպառնալիքը նրանց շրջանցելու է, չարաչար սխալվում են: Թուրքական ահաբեկչական մտածողության հաղթանակը չի շրջանցելու որևէ թիրախային պետություն:

Արցախի դրոշի ներքո պետք է համախմբվի ողջ քաղաքակիրթ աշխարհը՝ իրականացնելու հակաահաբեկչական պատերազմ: Աշխարհը պետք է ֆիքսի՝ Թուրքիան սպառնալիք երկիր է, Թուրքիան սպառնալիք է ոչ միայն Արցախին, Հայաստանին և տարածաշրջանին, այլև ընդհանրապես քաղաքակրթությանը»,-հայտարարեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում