«Մոսկվան պատրաստ է Փարիզի և այլ գործընկերների հետ ահաբեկչության դեմ պայքարում ամենասերտ փոխգործակցությանը»․ Պուտին

«Մոսկվան պատրաստ է Փարիզի և այլ գործընկերների հետ ահաբեկչության դեմ պայքարում ամենասերտ փոխգործակցությանը»․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄոսկվան պատրաստ է Փարիզի և այլ արտասահմանյան գործընկերների հետ ահաբեկչության դեմ պայքարում ամենասերտ փոխգործակցությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին ուղղված հեռագրում, Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նա ցավակցություն է հայտնել Ֆրանսիայի առաջնորդին Ֆրանսիայում «ահաբեկչական հարձակումների ողբերգական հետևանքների կապակցությամբ»:

«Հատուկ վրդովմունք է առաջացնում եկեղեցու պատերի ներսում կատարված ցինիկ ու դաժան հանցագործությունը։ Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ ահաբեկիչներին բացարձակապես խորթ են մարդկային բարոյականության հասկացությունները։ Ակնհայտ է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է համաշխարհային հանրության ջանքերի իրական միավորում»,- մամուլի ծառայությունում մեջբերել են Պուտինի խոսքերը:

Կրեմլի հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ պետության ղեկավարը «հաստատել է հակաահաբեկչական գործունեության բոլոր ուղղություններով ֆրանսիական և այլ արտասահմանյան գործընկերների հետ ամենասերտ փոխգործակցությանը ռուսական կողմի պատրաստակամությունը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել էր Նոտր Դամ եկեղեցու մոտ գտնվող մարդկանց վրա։

Միջադեպը տեղի էր ունեցել առավոտյան ժամը 9:00-ին: Տաս րոպե անց հանցագործին հաջողվել էր բռնել: Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։

Ավելի ուշ Ֆրանսիայի հարավային Ավինյոն շրջանում տղամարդը փորձել էր հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա և դանակահարել նրանց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում