Արցախի ՊԲ-ն շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն․ Դավիթ Բաբայան

Արցախի ՊԲ-ն շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն․ Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 168.am: 168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբյանն ասաց, որ Արցախում համառ մարտերը շարունակվում են, և դրանք շարունակվել են ողջ գիշեր։

«Արցախի Պաշտպանության բանակը շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն՝ շոշափելի հարվածներ։ Թշնամին ունի բազմաթիվ կորուստներ, մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ։ Ամբողջ գիշեր մեր հրետանին աշխատել է և աշխատում էր շատ արդյունավետ։ Մեր հրետանու աշխատանքը նաև մարդիկ են լսել, ինչը շատ ոգևորիչ է»,– նշել է Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով Արցախի նախագահի երեկվա ուղերձին, Դավիթ Բաբայանը նշել է, որ միայն մեկ բան կարող է ասել. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի պաշտպանենք Արցախը, այդ թվում՝ Շուշին, բոլորս միասին։ Սա է ամենակարևորը, մնացածին չեմ ուզում որակավորումներ տալ։ Ընդհանուր առմամբ այսօր մենք բոլորս պետք է կենտրոնանանք մեկ առաջադրանքի վրա՝ կռվել ու պաշտպանել Արցախը, պահպանել մեր պետականությունը և փրկվել ցեղասպանությունից, սա է ամենակարևորը»։

Նշենք, որ հոկտեմբերի 29-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Շուշիից կոչով դիմել էր ողջ հայությանը՝ Արցախի ինքնապաշտպանությանը միանալու համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում