Իրանի ռազմաօդային ուժերը «ժամանակակից մեթոդների օգտագործմամբ» երկօրյա զորավարժություններ են սկսել

Իրանի ռազմաօդային ուժերը «ժամանակակից մեթոդների օգտագործմամբ» երկօրյա զորավարժություններ են սկսել

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Իրանի ռազմաօդային ուժերն այսօր՝ նոյեմբերի 2-ին, Սպահան կենտրոնական նահանգում սկսել են «Երկնքի պաշտպանները» զորավարժությունների իններորդ փուլը, հաղորդում է IRNA գործակալությունը։

Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ֆարհադ Գուդարզին հայտնել է, որ իրանական բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի ներգրավմամբ լայնածավալ զորավարժությունների 9-րդ փուլն ուղղված է «ժամանակակից մեթոդների օգտագործմամբ թշնամիներին հակազդելու մեթոդների փորձարկմանը»։

Զորավարժություններին մասնակցում են Սու-24 ռմբակոծիչներ և ՄիԳ-29, F-5, F-5, F-7, F-14 կործանիչներ, որոնք, ինչպես նշել է Գուդարզին, արդիականացվել են Իրանում: Նշվում է նաև, որ զորավարժությունների օպերատիվ գոտում տեղակայված են տարբեր տեսակի անօդաչու սարքեր:

Նա նշել է, որ Իրանը ձգտում է ապահովել կայուն անվտանգություն՝ հավելելով, որ Իրանի ՌՕՈՒ-ի ներկայիս զորավարժությունների ժամանակ վետերանները երիտասարդների հետ փորձի փոխանակում են իրականացնում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի բանակի և ԻՀՊԿ-ի հակաօդային պաշտպանության ուժերը հոկտեմբերի 21-ին համատեղ զորավարժությունների ժամանակ Khordad-3 և Khordad-15 հակաօդային պաշտպանության համակարգերի օգնությամբ իրականացրել են պայմանական թիրախների հաջող ոչնչացում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում