Մերկելը՝ Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության մասին

Մերկելը՝ Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իսլամական ահաբեկչությունը «համընդհանուր թշնամի» է անվանել։ Համապատասխան հայտարարությունը, որն արվել է գիշերը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, Twitter-ում հրապարակել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

«Իսլամական ահաբեկչությունը մեր ընդհանուր թշնամին է։ Այդ մարդասպանների և նրանց հրահրողների դեմ պայքարը՝ մեր ընդհանուր պայքարը»,- ասված է հայտարարության մեջ։

Կանցլերը նաև ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

«Մենք չենք կարող տեղի տալ ատելությանը, որը միտված է մեր հասարակության բաժանմանը», – Twitter-ում գրառում է կատարել նաև Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը:

Հիշեցնենք, որ նախօրեին Վիեննայում տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով տուժել է նվազագույնը 15 մարդ։

Հրաձգությունը սկսվել է Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու գտնվող քաղաքի գլխավոր սինագոգի մոտ: Կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես ահաբեկչություն: Ի սկզբանի համարվում էր, որ հարձակվողների թիրախը սինագոգն է, սակայն այս հաղորդումները դեռևս հաստատված չեն:

Առկա տեղեկություններով՝ հարձակվողները մի քանիսն են եղել, նրանցից մեկը ոչնչացված է: Ահաբեկիչները կիրառել են երկարափող զենք: Հանցագործների հայտնաբերման գործողությունը շարունակվում է, դրանում ներգրավված են քաղաքի ոստիկանության մեծ մասը և զինվորականներ:

Հաղորդվում է, որ կրակոցներն ընթացել են Վիեննայի 6 կետերում: Ավստրիայի ՆԳՆ-ից նաև հաղորդել են, որ ընդլայնել են ահաբեկիչների հայտնաբերման համար սահմանված գոտին, քանի որ չեն բացառում, որ նրանք կարող էին լքել Վիեննան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում