«Ո՛չ Էրդողանը, ո՛չ Մակրոնը չեն նահանջի». Թուրքիայի և Ֆրանսիայի միջև վերջին բախումը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ. Reuters

«Ո՛չ Էրդողանը, ո՛չ Մակրոնը չեն նահանջի». Թուրքիայի և Ֆրանսիայի միջև վերջին բախումը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ. Reuters

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԹուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Էմանուել Մակրոնի միջև Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների պատճառով ծագած վեճը կարող է հանգեցնել նրանց միջև հարաբերությունների նոր անկման՝ թողնելով երկարաժամկետ հետևանքներ, գրում է Reuters գործակալությունը:

Այս վեճը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նրան, որ Ֆրանսիան առաջիկա օրերին կբարձրացնի Անկարայի դեմ պատժամիջոցների հարցը, հայտնել է գործակալությունը՝ վկայակոչելով թուրք վերլուծաբան Սինան Ուլգենին և Անկարայի նկատմամբ քաղաքականությանը ծանոթ անանուն ֆրանսիացի պաշտոնյային:

«Ո՛չ Էրդողանը Թուրքիայում, ո՛չ Մակրոնը Ֆրանսիայում չեն նահանջի»,- Reuters գործակալությանը հայտնել է թուրք վերլուծաբանը։

Մինչդեռ, ֆրանսիացի պաշտոնյան պնդել է, որ վերջին մի քանի շաբաթների իրադարձությունները «պատժամիջոցների հարցը» բարձրացնելու անհրաժեշտություն են առաջացրել։

Չնայած նրան, որ վերջին «բախումները» պայմանավորված էին Էրդողանի կողմից Մակրոնի հասցեին հնչեցրած «իսլամաֆոբիայի» վերաբերյալ մեղադրանքերով, վերլուծաբանների և պաշտոնատար անձանց կարծիքով՝ հարաբերությունների վատթարացման հիմնական պատճառը նրանց ռազմավարական շահերն են, գրում է գործակալությունը։

Անկարան ավելի ու ավելի է ընդլայնում իր գործունեությունը Սիրիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում, իսկ Մակրոնը բոլոր այն վայրերում պաշտպանում է եվրոպական շահերը, նշում է գործակալությունը՝ ընդգծելով նաև քրդերի, ահաբեկչության և փախստականների հետ կապված երկու երկրների ունեցած մի շարք տարաձայնությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում