Սահմանադրագետը՝ ՍԴ որոշ աշխատակիցների պաշտոնանկության մասին

Սահմանադրագետը՝ ՍԴ որոշ աշխատակիցների պաշտոնանկության մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՍԴ-ում որևէ ճգնաժամ չկար. դա արհեստածին օրակարգ էր՝ զուտ ոչ կառավարելի անձանցից ձերբազատվելու նպատակով, և սահմանադրական փոփոխությունների ուժով հունիսից արդեն իսկ ՍԴ-ում առկա է ճգնաժամ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ՍԴ-ում այժմ տիրող իրավիճակին և ՍԴ նախագահի խորհրդականի, օգնականի, աշխատակազմի ղեկավարի՝ աշխատանքից ազատմանը:

«Սահմանադրական փոփոխությունները տեղի ունեցան՝ խախտելով կարևորագույն սահմանադրական սկզբունքներ, և որոնք հետագայում անպայման ունենալու են իրենց հետևանքները: Դատավորների լիազորությունների դադարեցումը, նոր դատավորների ընտրության պրոցեսը, իմ գնահատմամբ, հակաիրավական բնույթ էին կրում, հետևաբար անգամ չեմ ցանկանում անձնակազմի փոփոխությանն անդրադառնալ, որովհետև իրավական տիրույթից դուրս է»,-ասաց նա:

Անդրադառնալով աշխատանքից ազատումներին՝ Մելոյանն ընդգծեց՝ ռազմական դրությունը երկրում չի արգելում ՍԴ-ում նմանատիպ գործընթացների իրականացումը: «Ըստ էության, կարող են մեկնաբանել, որ փորձում են ապահովել բնական գործընթացը, սակայն, ինչպես տեսնում ենք, բնական գործընթացի շրջանակներից դուրս գործողություններ են անում, տեղի են ունենում անձնակազմի փոփոխություններ: Հարցն այն է՝ արդյո՞ք այս պահին արժե նմանատիպ գործողություններ իրականացնել»,-ասաց սահմանադրագետը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՍԴ փոխնախագահի ընտրության հարցը երկու անգամ ընդգրկվել է աշխատանքային նիստի օրակարգում, սակայն առաջադրումներ չեն եղել, Մելոյանն արձագանքեց, փոխնախագահի պաշտոնը պարզապես ենթադրում է որոշակի կազմակերպչական բնույթի գործառույթներ, և հնարավոր է՝ դատավորներից ոչ մեկն այս պահին պատրաստ չէ լրացուցիչ պարտականություններ ստանձնել:

«Շուրջ 1 տարի ՍԴ նախագահի նկատմամբ այդքան ճնշումները, տարաբնույթ քաղաքական գործընթացները արհեստածին էին, որովհետև ՍԴ նախագահը կամ փոխնախագահը որևէ էական լծակներ կամ լիազորություններ չունեն՝ համեմատած ՍԴ մյուս դատավորների հետ: Դրանք պարզապես լրացուցիչ կազմակերպչական բնույթի գործառույթներ են»,-հավելեց նա:

Անդրադառնալով Էդգար Ղազարյանի՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հեռացմանը՝ սահմանադրագետն ընդգծեց, որ Ղազարյանն աշխատանքային կոնկրետ հետագիծ ուներ: «Չեմ կարծում՝ մասնագիտական հմտություններով պայմանավորված խնդիր է եղել՝ նրան աշխատանքից ազատելու համար»,-նշեց Մելոյանը:

Հիշեցնենք, որ հունիսին կայացած սահմանադրական փոփոխությունների արդյունքում դադարեցին ՍԴ երեք դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դարձավ ՍԴ դատավոր: ՍԴ նոր նախագահ ընտրվեց Արման Դիլանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում