Արիզոնայում քվեաթերթիկների 90%-ի ամփոփումից հետո Բայդենի՝ Թրամփի նկատմամբ առավելությունը զգալի կրճատվել է

Արիզոնայում քվեաթերթիկների 90%-ի ամփոփումից հետո Բայդենի՝ Թրամփի նկատմամբ առավելությունը զգալի կրճատվել է

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ գործող նախագահ, Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը կայացած նախագահական ընտրություններում վճռորոշ համարվող նահանգներից մեկում՝ Արիզոնայում, կտրուկ կրճատել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի առավելությունը, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Պաշտոնապես ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, քվեաթերթիկների 90%-ի ամփոփումից հետո Բայդենն ունի ձայների մոտ 50,1%-ը, իսկ Թրամփը՝ 48,5%։ Այս պահին դեմոկրատ թեկնածուի օգտին 46 257 քվեաթերթիկ ավել կա, քան Թրամփի օգտին, մինչդեռ ավելի վաղ այս նահանգում Բայդենը շատ ավելի զգալի առավելություն ուներ։

Associated Press գործակալությունն ու Fox News հեռուստաալիքն ավելի վաղ ներկայացրել են կանխատեսումներ, որոնց համաձայն՝ Արիզոնայում առաջատարը Բայդենն էր։ Մի շարք այլ հեղինակավոր լրատվամիջոցներ, այդ թվում նաև CNN-ը, նշում են, որ այս նահանգում քվեարկության արդյունքներն առայժմ հստակ չեն, սակայն միևնույն ժամանակ նաև ընդունում են, որ առավելությունը Բայդենինն է։

Թրամփի ընտրական շտաբի ներկայացուցիչներն, իրենց հերթին, վստահություն են հայտնել, որ Արիզոնայում կհաղթի հանրապետական թեկնածուն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ դեմոկրատ Ջո Բայդենը ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։

Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում