Բայդենի հաղթանակի դեպքում Իրանի և Իսրայելի միջև կարող է պատերազմ սկսվել

Բայդենի հաղթանակի դեպքում Իրանի և Իսրայելի միջև կարող է պատերազմ սկսվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի դիրքորոշումն Իրանի հետ գործարքի վերաբերյալ կարող է Իսրայելի և Իրանի միջև պատերազմի հանգեցնել: Այս մասին նախազգուշացրել է Իսրայելի վերաբնակեցման հարցերով նախարար Ցախի Հանեգբին, գրում է The Jerusalem Post-ը:

«Բայդենը երկար ժամանակ բացահայտ ասում էր, որ վերադառնալու է միջուկային համաձայնագրին: Ես դրանում տեսնում եմ մի բան. դա կհանգեցնի Իսրայելի և Իրանի առճակատման»,-ասել է Հանեգբին:

Նախարարը նշել է, որ իրեն չի անհանգստացնում Բայդենի հավանական հաղթանակի ազդեցությունը արտաքին քաղաքական շատ ուղղություններում, այդ թվում՝ Հորդանանի արևմտյան ափերի հրեական բնակավայրերի հարցում, բայց Իրանի հարցը բացառություն է:

Նախարարը ասել է նաև, որ ինքը, վարչապետ Բենյամին Նեթանյահուն և իսրայելցիների մեծ մասը «սխալ են համարում» 2015-ին Բարաք Օբամայի վարչակազմի կողմից Իրանի հետ ստորագրված միջուկային գործարքը, որը պաշտոնապես հայտնի է որպես «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր» անվամբ:

«Եթե Բայդենը շարունակի այդ քաղաքականությունը, դա ի վերջո կբերի դաժան առճակատման Իսրայելի և Իրանի միջև»,-նշել է Հանեգբին:

Նախարարը ասել է նաև, որ Թրամփի հայտարարությունը` Իրանի հետ գործարքի հասնելու մասին նույնը չէ, քանի որ «դա կլինի այլ պայմանավորվածություն, որը Թրամփն Իրանին կպարտադրի կոշտ պատժամիջոցների միջոցով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում