Հնարավոր է, որ ոչ թուրքական շուկայից ապրանք ներկրելով տնտեսվարողն ունենա ավելի մեծ շահույթ. նախարար

Հնարավոր է, որ ոչ թուրքական շուկայից ապրանք ներկրելով տնտեսվարողն ունենա ավելի մեծ շահույթ. նախարար

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Այն կազմակերպությունները, որոնք իրենց արտադրությունը կազմակերպելու համար որոշ չափով օգտագործում են նաև թուրքական ծագման ապրանքներ, հնարավորություն կունենան ավելի երկար շարունակել ներկրել դրանք»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է վերջնական սպառման ապրանքներին, ապա նախարարը նշեց՝ այդ ապրանքներն արդեն կներկրվեն Իրանից, Եվրոպական երկրներից, ԵԱՏՄ անդամ երկրներից։

«Ես վստահեցնում եմ, որ ձեռնարկատերերը բավականաչափ լավ գիտեն, թե որտեղ կան այլընտրանքային շուկաներ։ Դեռ չի եղել դեպք, որ ձեռնարկատերը դիմի մեզ ու ասի՝ ես այսինչ ապրանքը ներկրում էի Թուրքիայից, հունվարի մեկից չեմ կարող ներկրել, խորհուրդ տվեք՝ ինչ անել։ Դա նշանակում է, որ իրենք գիտեն՝ ինչ անել։ Բայց եթե կլինեն փոքր բիզնեսներ, որ այդ հարցում խորհրդատվության կարիք կունենան, ապա մեր մասնագետների խումբը կօգնի նրանց։ Ցանկացած ապրանքային սեգմենտում մեկ շուկայից ձեռքբերում կատարելը երբեմն գնային առումով շատ մոտ է մյուս շուկային, ուստի կտրուկ անցում չի լինելու։ Երբեմն մարդիկ ուղղակի սովոր են մի տեղից ներկրում անելուն, բայց հենց իրավիճակը փոխվում է, իրենք այլ շուկաներ են ուսումնասիրում։ Չեմ բացառում, որ այդ ուսումնասիրությունը հետաքրքիր բացահայտումներ ունենան։ Հնարավոր է, որ մեկ այլ շուկայից ապրանք ներկրելով տնտեսվարողն ունենա ավելի մեծ շահույթ»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

Էկոնոմիկայի նախարարը ևս մեկ անգամ վստահեցրեց՝ Թուրքիայից ապրանքներ ներկրելու սահմանափակումը չի կարող հանգեցնել գնաճի։ Ըստ նրա, այն վերջնական սպառման ապրանքները, որոնք ներկրվում էին Թուրքիայից, տարեկան 50 մլն դոլարը չեն գերազանցում, իսկ Հայաստանը տարեկան 5 մլրդի ներմուծում է իրականացնում։

«Եվ եթե մեկ փոքր քանակություն փոխարինվի մեկ այլ քանակությամբ, չի կարող ազդել շուկայական հավասարակշիռ գնի վրա։ Մենք վստահ ենք, որ որևէ սեգմենտում չի կարող լինել գնաճ»,– շեշտեց նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում