Իրանի գերենալ․ Հայաստանին ու Ադրբեջանին խորհուրդ ենք տալիս լուծել խնդիրները քաղաքական կարգավորման միջոցով

Իրանի գերենալ․ Հայաստանին ու Ադրբեջանին խորհուրդ ենք տալիս լուծել խնդիրները քաղաքական կարգավորման միջոցով

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.amԻրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարն ասել է, որ զինված ուժերը կանեն հնարավորը՝ սահմանային շրջանների անվտանգությունն ու խաղաղությունը պահպանելու համար և չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումը: Այս մասին գրում է Mehr գործակալությունը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ բրիգադային գեներալ Կիումարս Հեյդարին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հորդորում է երկու կողմերին էլ լուծել իրենց խնդիրները քաղաքական կարգավորման միջոցով:

«Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանումը մեր կարմիր գիծն է, և ոչ մի ուժի չի թույլատրվում փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, և մենք դա չենք հանդուրժի», – ասել է գեներալը:

Նա նշել է, որ բանակի ցամաքային զորքերը տեղակայվել են սահմանամերձ շրջաններում, և նրանք ամեն ինչ անելու են տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը պահպանելու համար:

«Զինված ուժերը կանեն հնարավորը՝ սահմանամերձ շրջանների անվտանգությունն ու խաղաղությունը պահպանելու համար և չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումը։ Մեր կարմիր գիծը մարդկանց անվտանգության, խաղաղության և հարմարավետության ապահովումն է», – շեշտել է Հեյդարին:

Հեյդարին հետագայում նշել է, որ երկրի հյուսիսարևմտյան սահմաններին ոչ մի վտանգ չի սպառնում, և զինված ուժերը պատրաստ են պաշտպանել Իրանի ժողովրդին:

Ընդգծելով տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ բրիգադային գեներալ Հեյդարին ասել է. «Իրանը շատ ընդհանրություններ ունի հարևան ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, և մենք խորհուրդ ենք տալիս երկու երկրներին հարգել միջազգային իրավունքը, պաշտպանել միջազգային սահմանները և լուծել իրենց խնդիրները քաղաքական կարգավորման միջոցով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում