«Ադրբեջանը դառնում է ահաբեկիչների և նրանց գաղափարախոսության՝ դեպի ԱՊՀ տարածք ներթափանցման պլացդարմ». ՀՀ փոխվարչապետ

«Ադրբեջանը դառնում է ահաբեկիչների և նրանց գաղափարախոսության՝ դեպի ԱՊՀ տարածք ներթափանցման պլացդարմ». ՀՀ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող նիստում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ադրբեջանական կողմին մեղադրելով Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության աջակցությամբ ԼՂ-ում ռազմական հանցագործությունների կատարման համար:

«Ներկայում շարունակվում է ագրեսիան ընդդեմ ԼՂ-ի, ընդ որում՝ ագրեսիան իրականացվում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության ուղղակի աջակցությամբ և Սիրիայից և Լիբիայից ահաբեկիչների ներգրավմամբ: Ադրեբեջանի կողմից կռվողները կիրառում են ահաբեկչական խմբավորումներին բնորոշ մեթոդներ, օրինակ՝ ռազմագերիների կտտանքներ, գնդակահարություններ և գլխատում, զոհերի մարմինների անարգում: Ադրբեջանի ղեկավարության խղճին ռազմական հանցագործությունների մի ամբողջ շարք կա»,-հայտարարել է փոխվարչապետը:

Գրիգորյանի խոսքով՝ «Ադրբեջանը բոլորի աչքի առաջ դառնում է ահաբեկիչների և նրանց գաղափարախոսության՝ դեպի ԱՊՀ տարածք ներթափանցման պլացդարմ»:

«Ադրբեջանի օդուժի հրթիռառումբային հարվածների թիրախում են հայտնվում ԼՂՀ բոլոր բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին: Ավերվում են քաղաքացիական ենթակառուցվածքը, առողջապահական հաստատությունները, դպրոցները, մանկապարտեզները, մշակութային կենտրոնները»,-հավելել է պաշտոնյան:

Գրիգորյանը նաև հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է:

«Ադրբեջանն արդեն պետք է հասկացած լիներ, որ ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի: Իսկ ԱՊՀ հարթակը կեղծիքներ ու կեղծարարություններ տարածելու տեղ չէ», – հայտարարել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում