«Բայդենն ի վերջո հաղթող կճանաչվի, սակայն կլինի վերջին 40 տարում ԱՄՆ ամենաթույլ նախագահը». ամերիկացի փորձագետ

«Բայդենն ի վերջո հաղթող կճանաչվի, սակայն կլինի վերջին 40 տարում ԱՄՆ ամենաթույլ նախագահը». ամերիկացի փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Դեմոկրատ Ջոզեֆ Բայդենն ի վերջո կճանաչվի հաղթող ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն երկրում տիրող լուրջ տարաձայնությունների պահպանման ֆոնին նա պաշտոնը կստանձնի որպես վերջին ավելի քան քառասուն տարում ԱՄՆ-ի ամենաթույլ նախագահ։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության ոլորտի վերլուծաբան, Eurasia Group միջազգային հետազոտական ու խորհրդատվական ընկերության հիմնադիր ու նախագահ Իեն Բրեմերը՝ մեկնաբանելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ-ում իրադարձությունների զարգացումը։

Քաղաքագետի կարծիքով՝ ներկա պահին Հանրապետական կուսակցության թեկնածու և ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն արդեն չունի հաղթելու որևէ հնարավորություն, քանի որ չկա Բայդենի հաղթանակը վիճարկելու արդյունավետ միջոց։

«Բայդենի մեծագույն խնդիրն այն է, որ նա կստանձնի պաշտոնը որպես պոտենցիալ ամենաթույլ նախագահը Քարտերից ժամանակվանից ի վեր», – նշել է փորձագետը՝ նկատի ունենալով ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարտերին, որը համարվում է Միացյալ Նահանգների ամենաթույլ ու վատագույն նախագահներից մեկը։

Անդրադառնալով Բայդենի՝ հաջողության հասնելու հնարավորություններին՝ Բրեմերը նշել է, որ առանց Սենատի աջակցության ու երկրում տիրող նման տարաձայնությունների ֆոնին նրան չի հաջողվի բարեփոխումներ անել կամ ներկայացնել տնտեսության խթանման միջոցների մեծ ու արդյունավետ փաթեթ, որն իսկապես անհրաժեշտ է պետությանը։

Բանն այն է, որ նախագահական ընտրությունների հետ մեկտեղ կայացել են նաև Կոնգրեսի ընտրությունները, և նախնական տվյալներով՝ Սենատում վերահսկողությունը շարունակում է մնալ հանրապետականներին, ինչը նշանակում է, որ նրանց առաջնորդ Միտչ ՄաքՔոնելը փորձելու է ոչ միայն խոչընդոտել դեմոկրատների բոլոր օրենսդրական նախաձեռնություններին, այլև նոր ամերիկյան վարչակազմում կադրային նշանակումներին։

Ինչ վերաբերում է Մոսկվայի և Վաշինգտոնի կապերի հետագա զարգացմանը, ապա Բրեմորը կարծում է, որ Բայդենի ընտրությունը լուրջ ազդեցություն չի ունենա ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունների վրա։

«Բայդենը Ռուսաստանի երկրպագուն չէ, սակայն Թրամփի վարչակազմի մեծ մասը, բացառությամբ նախագահի, նույնպես այդպիսին էին», – նշել է նա։

Ավելի վաղ Time ամսագրում հրապարակված իր հոդվածում Բրեմերը նշել էր, որ անկախ նրանից, թե ով կընտրվի նախագահի պաշտոնում, նախագահական այս ընտրություններն արդեն իսկ հանգեցրել են «երկրում դիսֆունկցիոնալ ներքին քաղաքականության» ու թուլացրել ԱՄՆ-ի ներկայությունը համաշխարհային բեմում, ինչն իր ազդեցությունը կունենա ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի ունեցած դերի վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում