Պուտինը մանրամասներ է ներկայացրել համատեղ հայտարարությունից (տեսանյութ)

Պուտինը մանրամասներ է ներկայացրել համատեղ հայտարարությունից (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՀրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը:

Նշենք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նոյեմբերի 10-ի ժամը 01:00-ից բոլոր տեսակի ռազմական գործողությունների և կրակի ամբողջական դադարեցման մասին:

«Կողմերը կանգնում են իրենց զբաղեցրած տարածքների վրա։ Լեռնային Ղարաբաղի շփման գծում՝ Լաչինի միջանցքի ուղղությամբ, տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ուժեր:

Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության տակ:

Իրականացվում է ռազմագերիների և այլ ձերբակալվածների և մահացածների մարմինների փոխանակում:

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Տրանսպորտային հաղորդակցման հսկողությունն իրականացվում է այդ թվում ՌԴ Սահմանային ծառայության մարմինների աջակցությամբ»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

Հրապարակված հայտարարությունում նաև նշվում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կստեղծեն անհրաժեշտ պայմաններ արդար հիմքի վրա Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի երկարատև և լիաֆորմատ կարգավորման համար և ի շահ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում