Պոմպեոն հաջորդ շաբաթ Թուրքիա այցի ժամանակ չի հանդիպի Էրդողանի կամ այլ պետներկայացուցիչների հետ

Պոմպեոն հաջորդ շաբաթ Թուրքիա այցի ժամանակ չի հանդիպի Էրդողանի կամ այլ պետներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաջորդ շաբաթ Թուրքիա այցելության ժամանակ չի հանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կամ այլ կառավարական ներկայացուցիչների հետ. չափազանց արտասովոր երևույթ, որը թուրք պաշտոնյաները վիրավորական են համարում, գրում է Blommberg-ը։

Ամերիկացի պաշտոնատար անձինք, որոնք նախօրեին լրագրողների համար ճեպազրույց են անցկացրել Պոմպեոյի՝ յոթ երկրներ կատարվելիք 10-օրյա այցի կապակցությամբ, հայտարարել են, որ վերջինս մտադիր է Ստամբուլում հանդիպել կրոնական գործիչների, այդ թվում՝ հունական ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բարդուղիմեոս Ա պատրիարքի հետ՝ նշելով, որ Պոմպեոն, սակայն, չի մեկնի Անկարա:

Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը քննադատաբար է արձագանքել այցի մասին հայտարարությանը՝ նշելով, որ «Միացյալ Նահանգների համար ավելի լավ կլիներ նախ իրեն նայել հայելու մեջ և անհրաժեշտ զգայունություն դրսևորել մարդու իրավունքների խախտումների նկատմամբ, ինչպիսիք են՝ ռասիզմը, իսլամի հանդեպ թշնամանքը և սեփական երկրում ատելության հողի վրա կատարված հանցագործությունը»։

Աքսոյը հայտարարել է, որ «Թուրքիայում ոչ մահմեդականները լիարժեք կրոնական ազատություն ունեն, մինչդեռ աշխարհի այլ մասերում մահմեդականները՝ ոչ»։

Մեկ այլ թուրք պաշտոնյա, որը խոսել է անանունության պայմանով, հայտնել է, որ Պոմպեոն մերժել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Անկարա այցելելու հրավերը և փոխարենը վերջինիս խնդրել է գալ Ստամբուլ իր հետ հանդիպելու։

Անանուն պաշտոնյայի խոսքով՝ Չավուշօղլուն հրաժարվել է և վիրավորված է նրա քայլից։

Նշվում է, որ Պոմպեոն 10-օրյա այցի շրջանակներում կայցելի Ֆրանսիա, Թուրքիա, Վրաստան, Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար և Սաուդյան Արաբիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում