Եվրոպայի հայկական կազմակերպությունները պահանջել են ԵԱՀԿ-ից վերանայել Արցախի հարցով համաձայնագիրը

Եվրոպայի հայկական կազմակերպությունները պահանջել են ԵԱՀԿ-ից վերանայել Արցախի հարցով համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԵվրոպայի հարյուր հայկական կազմակերպություններ դիմել են ԵԱՀԿ-ին՝ պահանջելով նոր բանակցություններ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ և վերանայել ԼՂ-ում ռազմական գործողությունների լիակատար դադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, համապատասխան հայտարարություն է տարածել Ավստրիայում Հայկական Առաքելական եկեղեցու թեմը:

«Մենք՝ եվրոպական հայկական կազմակերպությունները, կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին վերսկսել հակամարտության կարգավորման գործընթացը՝ վերանայելով ընթացիկ հայտարարությունը, որը ստորագրվել է առանց երեք համանախագահ երկրներից երկուսի՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցության: Այդ փաստաթուղթը, որը պարտադրվել է հայերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի արդյունք չէ, որը միջազգային մանդատ ունի կարգավիճակի վերանայման և Արցախի հետ կապված անվտանգության հարցերի կարգավորման համար: Հայտարարությունը ծայրահեղ անհավասարակշիռ պայմաններ է ներկայացնում, չի ապահովում Արցախի ժողովրդի անվտանգությունը և հիմք է ստեղծում մոտ ապագայում բռնության սրման համար»,- ասվում է դիմումի տեքստում:

Ավստրիայի Հայկական Առաքելական եկեղեցու թեմի հայտարարության մեջ էլ նշվում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված «համաձայնագիրը վտանգ է ներկայացնում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի, այլև Հայաստանի համար»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ ռազմական տրանսպորտային ավիացիան 3 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել 1103 զինծառայող և 168 միավոր տեխնիկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում