Թուրքի առաջ «կզած», ստախոս, անհաջողակն այլևս ի վիճակի չէ պաշտպանել հայ ժողովրդի շահերը

Թուրքի առաջ «կզած», ստախոս, անհաջողակն այլևս ի վիճակի չէ պաշտպանել հայ ժողովրդի շահերը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱրցախը հայ ժողովրդի նորանկախ պատմության ամենամեծ ձեռքբերումներից մեկն էր: Երկուսուկես տարի առաջ ինչ-որ մարդկանց խմբակ, չարաշահելով ժողովրդի վստահությունը, եկավ իշխանության. իշխանության եկան մարդիկ, որոնք իրենց անցյալով, կենսագրությամբ որևէ կապ չունեին Արցախի ազատագրական պայքարի հետ: Այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Անցնող 2.5 տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունը զավթած խմբակն ամեն ինչ արեց մեր ազգային դիմադրողականությունը թուլացնելու համար՝ պառակտելով հայ ժողովրդին, բաժանելով «սևերի» և «սպիտակների», պայքարելով մեր եկեղեցու, պատմության, ազգային արժեքների դեմ: Այս իշխանությունը քայքայիչ գործունեություն իրականացրեց նաև բանակում, ԱԺ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը հետևողականորեն վարկաբեկեց Հայաստանի բանակը»,– ասաց նա:

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ երկրի վարչապետն արցախյան հարցի հետ կապված չի ունեցել որևէ հայեցակարգ: «Նախ ասաց՝ Արցախը պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ, այնուհետև ասաց՝ ժողովուրդը պետք է որոշի, հետո՝ պետք է հարցի լուծումն ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, հետո՝ Արցախը Հայաստան է և վերջ: Այս մարդը անհասկանալի է եղել և չի ունեցել որևէ հայեցակարգ հարցի լուծման համար»,– ասաց նա՝ նշելով, թե Փաշինյանը նաև փչացրել է հարաբերությունները ՀՀ ռազմավարական դաշնակիցների հետ:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով՝ Փաշինյանն իր գործողությունների արդյունքում հասցրեց պատերազմի, իսկ դրա ընթացքում անգործությամբ ու դավաճանական քայլերով հայ ժողովրդին կանգնեցրեց փաստի առաջ: «Այս ամենի մեղավորը մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը: Նա ստացել է 12,000 ք/կմ Արցախ, և այսօր հաջորդ իշխանություններին ժառանգելու է 2500 ք/կմ»,- նշեց նա:

Իշխան Սաղաթելյանը նաև ներկայացրեց ճանապարհային քարտեզը՝ նշելով, թե նոր բանակցող է պետք. «Թուրքի առաջ «կզած», ստախոս, անհաջողակ մարդն այլևս ի վիճակի չէ պաշտպանել հայ ժողովրդի շահերը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում