Ընդդիմադիր գործիչներին մեղադրանք է առաջադրվել

Ընդդիմադիր գործիչներին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.amՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։

Լրագրողների հետ զրույցում նրա փաստաբան Գարիկ Սահակյանն ասաց, որ Գեղամ Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ցուցմունք էլ չի տվել։

Լրագրողները Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեցին, որ չնայած ընդդիմադիրները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն վարչապետը ճանապարհային քարտեզ է հրապարակել, ինչպե՞ս եք դա գնահատում, ՀՅԴ անդամն ասաց, որ վարչապետը մոռացել է մի կարևոր կետ՝ երկիր կորցրած վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի։

ՀՔԾ էր հրավիրվել նաև «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։ Նա հայտնեց, որ իրեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225.1 հոդվածի հատկանիշներով։

Ղազինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն ձերբակալել էին այլ հոդվածով, սակայն մեղադրանք առաջադրել այլ հոդվածի հատկանիշներով. «Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է։ Իրավական բաղադրիչն այս քրեական գործում գրեթե չկա, բացակայում է»։

Արթուր Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառված ստորագրություն չհեռանալու մասին։

Հարցին՝ թե ինչո՞վ է պայմանավորված, որ հանրահավաքից առաջ ընդդիմադիր գործիչները հրավիրել են ՀՔԾ, Ա. Ղազինյանն ասաց. «Ուղիղ կապված է մեր կողմից կազմակերպվող զանգվածային միջոցառումների հետ։

Կարծես իշխանությունը չի ցանկանում որևէ բան փոխի Հայաստանի համար, բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում է մեր կողմից իրականացվող գործողությունները, որովհետև գլխավոր բանակցողը, այսինքն երկրի ղեկավարը, կոմպետենտ չէ, նա չի ներկայացնում Հայաստանի շահը, չի ներկայացում Հայաստանի ժողովրդին, ունի լեգիտիմության լրջագույն խնդիր»,- ասաց Ա. Ղազինյանը։

«Հայրենիք» կուսակցության անդան Արսեն Բաբայանին նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել։

Ցուցմունք չեմ տվել, սպասենք հետագա զարգացումներին»,- ասաց նա։

Նշենք, որ ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը ևս իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն, նրան մեղադրանք է առաջադրվել 225.1 հոդվածի 1-ին մասով:

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ևս հայտնել էր, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ է հրավիրվել նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր 17 կուսակցություններն այսօր ժամը 18:00-ին «Ազատության» հրապարակում հանրահավաք են հրավիրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում