Ռուսաստանը տրամադրել է այն առավելագույնը, ինչ հնարավոր է եղել, և մենք պետք է շնորհակալ լինենք. Մովսես Հակոբյան

Ռուսաստանը տրամադրել է այն առավելագույնը, ինչ հնարավոր է եղել, և մենք պետք է շնորհակալ լինենք. Մովսես Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՊաշտպանության նախարարը պետք է հասկանար՝ ինչ պայմանագրեր կային ոչ միայն այսօր, այլև մինչև պատերազմը, ռազմական մատակարարումներն իրականացնում էինք գաղտնի: Որևէ երկիր, մեր երկրի պայմանավորվածության շրջանակում, մեզ չէր թույլատրում զենք-զինամթերք գնել, և պաշտպանության նախարարը մինչ այդ օրը չի՞ հասկացել, որ պատերազմի ժամանակ կրկնակի է դժվարանալու վերահսկողությունը մատակարարման համար. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է հայ-ռուսական փոխգործակցությունը գործել, և արդյո՞ք անհրաժեշտ զինտեխնիկա մատակարարվել է Հայաստան:

«Պաշտպանության նախարարը պետք է հասկանա, որ պատերազմի համար նյութական միջոցները պետք է լինեն մեր պահեստներում, ոչ թե ուրիշ երկրում: Ուզում եմ ասել՝ Պաշտպանության նախարարությունը որևէ դերակատարություն չունի մատակարարման հետ: Այն մատակարարումները, որոնք պատերազմի ժամանակ իրականացվել են Հայաստանին, իրականացրել է մեր բարեկամ երկիրը՝ Ռուսաստանը: Մինչև սեպտեմբերի 30-ը մեր երկրի վարչապետը չի զանգել ՌԴ նախագահին խնդրել աջակցություն, և Ռուսաստանն իրականացրել է զուտ իր խղճի համար, այսինքն՝ հետո մեղքի զգացում չունենալու համար»:

Հարցին, թե արդյոք ի՞նչ զենք ցանկացել է Հայաստանը, Ռուսաստանը տրամադրել է, Մովսես Հակոբյանը պատասխանեց.

«Ռուսաստանը տրամադրել է այն առավելագույնը, ինչ հնարավոր է եղել, և մենք պետք է շնորհակալ լինենք, տվել է այն, ինչ մենք կյանքում չենք երազել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում