Մովսես Հակոբյանի հայտարարություններով արդեն պետք է քրգործ հարուցվեր

Մովսես Հակոբյանի հայտարարություններով արդեն պետք է քրգործ հարուցվեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի պատմածները ծանրագույն հանցագործություններ էին մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որի հետևանքով մենք ունեցել ենք կորուստներ, որոնք աննախադեպ են, առնվազն, վերջին 100 տարվա մեջ: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ խոսելով այսօր հրավիրված ասուլիսի մասին, որի ժամանակ Մովսես Հակոբյանը մի շարք մեղադրանքներ է հնչեցրել:

«Պետք է արդեն քրեական գործ հարուցվեր, այլ ոչ թե նյութերի նախապատրաստման համար տեսագրությունը ՀՔԾ ուղարկվեր: Բացատրեմ իրավական տեսանկյունից: Նյութերի նախապատրաստությունը չունի այն գործիքակազմը, որով հնարավոր է բացահայտել այս ամենը: Օրինակ՝ ֆորմալ առումով՝ գաղտնի փաստաթղթերի մատչելիություն է այստեղ անհրաժեշտ, խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն է առաջանում, որը նյութերի նախապատրաստման շրջանակներում հնարավոր չէ իրականացնել»,-ասաց նա:

Ըստ Մելիքյանի՝ հայտարարություններից մի քանի ժամ է անցել, սակայն քրեական գործ չի հարուցվել, որը բերում է այն հետևությանը, որ իրավապահ մարմինների կողմից չենք տեսնելու իրավաչափ վարքագիծ և նույն ժամանակ հնարավոր է՝ այս ամենն ուղղվի գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի դեմ:

Հարցին, թե արդյո՞ք ԱԱԾ-ի, Գլխավոր դատախազության կողմից որևէ ընթացք կտրվի հայտարարությունների մասով, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Եթե զոհասեղանին դրված է հայրենիքը և ըստ էության՝ Արցախի տարածքի մեծ մասն արդեն կորսված է, հազարավոր մարդկանց արյուն ենք տեսել, կորսված ապագա, երազանքների փլուզում, ապա թեկուզ փոքր շանս կա, որ մեր իրավապահ մարմինների ղեկավարներն ունենան գոնե նվազագույն պետական մտածողություն»,- ընդգծեց նա և հավելեց, որ ամեն դեպքում՝ լավատեսական հեռանկար չունի այն, որ այս պահին քրեական գործ դեռ հարուցված չէ:

Խոսելով գեներալ-գնդապետի այն հայտարարությունների մասին, որտեղ վերջինս խոսում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի մասին, մասնավորապես՝ Արցախում ՊՆ ռազմական շտաբում նրա լինելու մասին, իրավապաշտպանը շեշտեց՝ այս էպիզոդը շատերի կողմից քննարկեց, և տեղի ունեցածը լրջագույն խախտում է: «Այդ անձնավորությունը չունի որևէ պետական պաշտոն և բնականաբար, գաղտնիքների քննարկման վայր հանդիսացող շտաբում գտնվելու որևէ իրավունք նա չուներ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում