Իսկապես շատ խնդիրներ, բացեր կան. ոչ մի մարմին իր տեղում և դերում չէ, բացի ՄԻՊ-ից. Գոհար Մելոյան

Իսկապես շատ խնդիրներ, բացեր կան. ոչ մի մարմին իր տեղում և դերում չէ, բացի ՄԻՊ-ից. Գոհար Մելոյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՉարաբաստիկ փաստաթուղթը ստորագրելուց 11 օր է անցել և իսկապես շատ խնդիրներ, բացեր կան, և ես ինձ թույլ կտամ նշել, որ գրեթե ոչ մի մարմին իր տեղում և դերում չէ, բացի ՄԻՊ-ից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ խոսելով հետպատերազմյան շրջանում արցախցիներին, տները կորցրածներին, զոհվածների, վիրավորների, անհետ կորածների ընտանիքներին համապատասխան աջակցություն ցույց չտալու մասին:

«Ինչպես ամբողջ պատերազմի ընթացքում, այդպես էլ հիմա, ՄԻՊ-ը, նույն մեր հասարակական կազմակերպությունը փորձ է կատարում իրազեկող տեղեկություն տրամադրել միջազգային կառույցներին, խորհրդարաններին և ամենաշատ օգնող, հիմնարար փաստաթղթերը եղել են ՄԻՊ-ի համապատասխան զեկուցագրերը, որտեղ փաստ առ փաստ ներկայացվում է պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից կատարած հանցագործությունները»,-ասաց նա:

Ըստ նրա՝ հայտնի փաստաթղթի ստորագրումը ոչ միայն խեղել է մեր պատմությունը, այլ նաև հետպատերազմյան շրջանում բերել է այնպիսի փակուղի, որ առաջացած խնդիրները լուծել չի ստացվում: Նա նշեց, որ այդ փաստաթուղթը միայն ուղղված է հայկական կողմի դեմ, և տպավորություն է, որ այն ստորագրված է միայն հակառակորդի կողմից և օգտին:

«Որևէ երաշխիք չկա նախատեսված հայկական կողմի համար, օրինակ՝ սահմանված վերջնաժամկետները շատ կարճ են մեր կողմից շրջանները ազատելու համար, սակայն խնդիրն այն է, որ որևէ փաստաթուղթ չներկայացվեց, թե ինչպես պետք է տեղի ունենան այդ գործողությունները: Մարդիկ ամեն ինչ իրենց միջոցներով են անում, ԱՀ-ի և ՀՀ-ի կողմից որևէ աջակցություն չի տրամադրվում գյուղերը տարհանելու ուղղությամբ. ո՛չ ֆինանսական, ո՛չ համապատասխան տրանսպորտի տրամադրման, ո՛չ հետագայում բնակության վայր տրամադրելու մասին չի խոսվել»,-շեշտեց Մելոյանը:

Սահմանադրագետի խոսքով՝ ցանկացած դժվարության՝ հոգեկան, ֆիզիկական, տնտեսական բեռը թողնվել է մարդկանց ուսերին և պետության կողմից միայն անպատասխանատու մոտեցում ենք տեսնում: Մելոյանը հիշեցրեց, որ անհետ կորած զինծառայողների թիվը մեծ է, սակայն իր գնահատմամբ՝ իշխանության միակ մտավախությունը կապված է իրենց աթոռները պահելու հետ և որևէ մարդասիրական քայլ չի կատարում: «Իշխանությունն այս խայտառակ կապիտուլյացիան փաստաթղթից հետո շարունակում է կառչած մնալ իր աթոռին՝ ոտնահարելով անգամ երկրի ներսում մարդկանց հիմնարար իրավունքները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում