Նիկոլին հաջողվեց մի բան՝ ստեղծել պառակտված, ատելությամբ սնվող ազգ. Մհեր Մկրտչյան (տեսանյութ)

Նիկոլին հաջողվեց մի բան՝ ստեղծել պառակտված, ատելությամբ սնվող ազգ. Մհեր Մկրտչյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԵս չեմ ուզում խոսել այն մասին, թե ինչ է կատարվել, որովհետև դա բոլորը հասկանում են: Բոլորը՝ կողքի փողոցներում անտարբեր անցնող մարդիկ, տանը բազմոցին նստած օնլայն դիտողները: Ես չեմ հասկանում ընդամենը մեկ բան՝ ինչու այս խայտառակությունից, դավաճանություններից ու բացահայտումներից հետո հավաքվել է ընդամենը մի Ազատության հրապարակ: Այս մասին Ազատության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում հայտարարեց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:

«Երբ տրանսպորտի գինը 100 դրամով բարձրացրին, հզոր բողոք էր, ակցիաներ էին. իսկ հիմա՞, բոլորը երջանի՞կ են, գո՞հ են: Գիտե՞ք, ամենահեշտ պատասխանն այն է, թե մենք Նիկոլին դեմ ենք, ուզում ենք, որ հեռանա, բայց 17 կուսակցություններին չենք վստահում: Ես էլ մի ձեռքի վրա կարող եմ հաշվել՝ քանի հոգու եմ վստահում: Ամբողջ հարցն այն է, որ հիմա այս կուսակցություններն են բողոքում, իրենք են պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Իրենց չեք վստահում, դուք արեք, գամ ձեր կողքին կանգնեմ»,-հայտարարեց ռեժիսորը:

Նա ընդգծեց՝ սա իր համար քաղաքական հարց չէ, ինքն էլ քաղաքական մարդ չէ, սա իր համար արժանապատվության հարց է:

«Անկախ նրանից՝ այստեղ ինչքան մարդ կհավաքվի, ես գալու եմ: Գալու եմ մի նպատակով՝ որ վաղն իմ ազգանունից չամաչեմ: Ես անկեղծ եմ ինձ հետ նրանում, որ համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը վտանգ է մեր երկրի, պետականության, մեր և մեր երեխաների վաղվա օրվա համար, և ինքը պետք է հեռանա: Նիկոլին հաջողվեց մի բան՝ ստեղծել պառակտված, իրարից զզվող, ատելությամբ սնվող ազգ, բայց ես համոզված եմ մի բանում՝ այս ատելությամբ լցված վիճակի մեջ մենք ոչ մի հաղթանակի չենք հասնի»,-հայտարարեց Մկրտչյանը:

Նա նաև դիմեց ոստիկաններին՝ ասելով. «Տղե՛րք, Երևանի փողոցներում «Ռեմբո» մի խաղացեք, որովհետև շատերդ երիտասարդ եք, դեռ չեք հասցրել համաշխարհային պատմությունն ուսումնասիրել. մի օր հենց դուք շատ խեղճացած բացատրություններ եք գրելու»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում