Խուզարկել են ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանի բնակարանը, առգրավել են պարգևատրված անվանական զենքը (տեսանյութ)

Խուզարկել են ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանի բնակարանը, առգրավել են պարգևատրված անվանական զենքը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱյսօր առավոտյան իրավապահները խուզարկել են ՊՊԾ գնդի նախկին հրամանատար, Երևանի նախկին փոխոստիկանապետ, ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման անդամ Ռոբերտ Մելքոնյանի բնակարանը: Գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ խուզարկությունն արվել է զանգվածային անկարգություն կազմակերպման հոդվածով հարուցված գործով, որի շրջանակում ուրբաթ օրը ձերբակալել էին իրեն, արդեն շաբաթ երեկոյան դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել:

«ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ՀԿԳ քննիչները, Արաբկիրի ոստիկանության բաժնի երկու օպերլիազորների հետ մանրակրկիտ խուզարկեցին տունը, փնտրում էին բարձրախոսներ, կրիչներ, այլ տեխնիկական սարքավորումներ, իհարկե, նման որևէ բան չհայտնաբերեցին: Ես ունեմ անվանական զենք, որով պարգևատրվել եմ: Իմ անվանական զենքը առգրավեցին, համապատասխան փաստաթղթավորում կատարելուց հետո հեռացան: Զենքը, կրկնում եմ, պարգևատրում է, համապատասխան վկայականով առգրավեցին և տարան»,-ասաց նա:

Ռոբերտ Մելքոնյանը իրավապահ և ուժային կառույցների աշխատակիցներին հորդորեց չհետևել, իր ձևակերպմամբ, գլխավոր հող հանձնող Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգներին:

«Այն քաղաքացիական անհնազանդության ակցիաները, որոնք իրականցվում են, նույնիսկ շատ մեղմ ակցիաներ են այն արարքի համար, որ Նիկոլ Փաշինյանը կատարել է այս ազգի հանդեպ: Նախ` սկսենք նրանից, որ 2.5 տարի առաջ այսօրվա շատ պաշտոնյաններ, ԱԺ պատգամավորներ պարբերաբար երկիրը՝ հատկապես մայրաքաղաքը կոլապսի էին ենթարկել՝ ճանապարհներ փակելով, ռադիոտան վրա հարձակում կատարել, զանազան ակցիաներով, դասադուլներով, մանկասայլակներով ճանապարհ փակելով, անչափահասներին միջոցառումների մեջ ընդգրկելով: Եթե մեզ ձերբակալում են, ապա իշխանություններին ԱԺ-ի մանկապարտեզի հետ միանգամից պետք է տանեն կալանքի»,-ասաց նա:

Ռոբերտ Մելքոնյանն ասաց, որ արյամբ ստորագրված հողերը հանձնելը չպիտի ներել, դավաճանություն է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում