Նոյեմբերի 25-ին Քարվաճառի շրջանն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանին (տեսանյութեր)

Նոյեմբերի 25-ին Քարվաճառի շրջանն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանին (տեսանյութեր)

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՆոյեմբերի 25-ին Քարվաճառի շրջանն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ի թղթակիցը, մոտոհրաձիգները լքել են տարածքը՝ պայթեցնելով զորանոցներն ու զորամասի այլ կառույցներ:

Արդեն հայտնել էինք, որ հայկական զինվորական վերջին ստորաբաժանումները հեռանում են Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանից, որը կեսգիշերին պետք է անցնի Ադրբեջանին:

«Մենք այստեղ ենք մնացել ողջ պատերազմի ընթացքում և ոչինչ նրանց չենք տվել: Այժմ մինչև ադրբեջանցիների դիրքեր ուղիղ գծով 12 կմ է: Հեռանում ենք մեր առաջապահ դիրքերից և պայթեցնում զորամասի մնացյալ կառույցները, որպեսզի դրանք չմնան ադրբեջանցիներին: Գնում ենք Հայաստան: Մեր զորամասը վերջիններից մեկն է»,- թղթակցի հետ զրույցում ասել է մոտոհրաձգային զորամասի հրամանատարության ներկայացուցիչը:

Նշվում է, որ անձնակազմը շրջանից հեռացել է, նախքան պայթյունների կազմակերպումը: Զինվորական կառույցների ոչնչացմանը հետևել են ստորաբաժանման հրամանատարության ներկայացուցիչները:

Նախապես շրջանը պետք է հանձնվեր նոյեմբերի 15-ին, սակայն հայկական կողմի խնդրանքով ժամկետը հետաձգվել էր մինչև նոյեմբերի 25։ Աղդամի շրջանը Ադրբեջանին է հանձնվել նոյեմբերի 20-ին, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը պետք է հանձնվի Լաչինի շրջանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում