Ռազմական դրության համար պայմաններ հանդիսացող իրավիճակը փոխվել է, բայց բոլոր սահմանափակումները շարունակում են մնալ. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

Ռազմական դրության համար պայմաններ հանդիսացող իրավիճակը փոխվել է, բայց բոլոր սահմանափակումները շարունակում են մնալ. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում ասվում է, որ ռազմական դրության համար հիմք ծառայած հանգամանքների վերացման դեպքում ռազմական դրությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակի դադարեցվել, դա կարող է անել Կառավարությունը, կարող է անել Ազգային ժողովը: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, ով ներկայացնում էր ռազմական դրությունը վերացնելու մասին խորհրդարանական ընդդիմության կողմից բերված նախագիծը:

«Հաշվի առնելով, որ այլևս ռազմական դրության որոշման մեջ առկա հանգամանքները չկան՝ ԼՀԿ-ն ԲՀԿ-ի հետ համատեղ նախաձեռնել է արտահերթ նիստ, որտեղ առաջարկվում է ընդունել ԱԺ որոշում՝ վերացնելու ռազմական դրությունը»,– ասաց նա:

Գևորգ Գորգիսյանն անդրադարձավ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկմանը և Կառավարության բերած պատճառաբանություններին, թե ինչու հիմա հնարավոր չէ վերացնել ռազմական դրությունը:

«Առաջինն այն է, թե ռազմական դրությունն անհրաժեշտ է, որ կարողանանք հումանիտար օգնության ապրանքներ ներկրել առանց մաքսային վճարների: Միանշանակ ակնհայտ է, որ որոշումներն այդպես են կազմված և որոշումները փոփոխման ենթակա են և դա կարելի էր փոփոխել 16 օրվա ընթացքում»,- ասաց նա:

Միաժամանակ, Գորգիսյանի խոսքով, Գլխավոր շտաբի ներկայացուցիչ գեներալ Ալբերտ Բաղդասարյանը հանձնաժողովի նիստում նշել է, որ անվտանգության տեսանկյունից խնդիր չի առաջացնում ռազմական դրության հանելը: «Ես առաջարկել եմ, որ ԱԺ-ն ընդունի որոշումը, որն ուժի մեջ կմտնի որոշ ժամանակ անց, որ մենք ունենանք որոշակիություն, որ հույսներս չդնենք Կառավարության գործունեության կամ անգործության վրա, մենք ի վերջո խորհրդարանական երկիր ենք»,- ասաց նա:

Գևորգ Գորգիսյանն ընդգծեց. «Ունենք իրավիճակ, երբ ռազմական դրության համար պայմաններ հանդիսացող իրավիճակը փոխվել է, բայց բոլոր սահմանափակումները շարունակում են մնալ, իսկ այդ սահմանափակումները վերաբերում են ժողովրդավարության հիմքերին՝ խոսքի ազատություն, հավաքների և գործադուլների ազատություն. սա ունենում է բացասական տնտեսական հետևանքներ»:

Նրա խոսքով՝ այն քաղաքացիները, որոնք զորակոչվել են և դեռևս գտնվում են տարբեր զորամասերում և որևէ մարտական խնդիր չեն կատարում, այդ իրավիճակում են սեպտեմբերի վերջից: «Հարյուրավոր, եթե չասեմ հազարավոր քաղաքացիներ գտնվում են այդ վիճակում, ու չեն կարողանում զբաղվել տնտեսական գործունեությամբ, բացի այդ սա ծախս է պետության համար: Ունենք սահմանափակումներ, որոնց անհրաժեշտությունը չկա և դա ունենում է տնտեսական հետևանքներ առանց այդ էլ գնալով խորացող ճգնաժամի պայմաններում: Կոչ եմ անում կողմ քվեարկել մեր նախաձեռնությանը, որպեսզի օր առաջ կարողանանք վերացնել ռազմական դրությունը»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում