Ինձ մեղադրանք առաջադրվեց. Միհրան Հակոբյան

Ինձ մեղադրանք առաջադրվեց. Միհրան Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ուզում եմ հայտնել, որ ինձ մեղադրանք առաջադրվեց ռազմական դրության պայմաններում ապօրինի հավաքներ կազմակերպելու համար, որը ես չեմ ընդունում: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը Երևան քաղաքի քննչական վարչությունից դուրս գալուց հետո:

«Ես չեմ կազմակերպել հավաք. հավաքը, ըստ էության, կազմակերպիչ չի ունեցել, և սա այն գործողությունների հերթական շարունակությունն է, որբ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում գործածում է այն մարդկանց նկատմամբ, որոնք հստակորեն դիրքորոշում են հայտնում, բարձրաձայնում են, որ ինքը պետական դավաճան է, հայ ժողովրդին ստորացրել է, մեր ժողովուրդը 5000-ից ավել զոհ է տվել իր պատճառով, հանձնել է Արցախը և տրորել, ստորացրել է հայ մարդու պատիվը»,- հայտարարեց նա:

Ըստ Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները ոչ մի արդյունք չեն տալու. «Ո՛չ նրա կողմից հրահանգավորված ապօրինի բերման ենթարկելու փաստերը, որ մի քանի անգամ եղան հենց ինձ հետ կապված, ո՛չ նրա կողմից հրահանգավորված ձերբակալությունների փաստերը, ո՛չ էլ մեղադրանքը առաջադրելու: Ես ասել եմ, նորից ասելու եմ՝ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, քաղաքական ոչնչություն է, որը հանձնել է Արցախը, կապիտուլացրել է Հայաստանը և հայ մարդու պատիվը գետնով է տվել և պետք է րոպե առաջ հեռանա և պատասխանատվություն կրի այդ ամեն ինչի համար»,-ասաց նա:

Միհրան Հակոբյանն ընդգծեց՝ չի լինելու այնպես, որ Նիկոլ Փաշինյանը կամ նրա շուրջը մնացած որոշակի անձինք մտածեն, որ այս ամենը վերջանալու է. «Անխտիր բոլորդ պատասխան եք տալու ձեր արած այս դարակազմիկ հանցագործության համար»,-ասաց Միհրան Հակոբյանը՝ դիմելով Փաշինյանին ու նրա թիմակիցներին:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ իրեն կանչել են քննչական մարմին՝ հարցաքննության: «Երևի դա կօգնի Քաշաթաղի անորոշությունը լուծելու կամ անհետ կորած տղերքին գտնելու հարցերին»,-գրել էր նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում