Հայ գերիներին ստորացումնից զերծ պահելու համար մենք պետություն ունե՞նք. Սրբուհի Գրիգորյան

Հայ գերիներին ստորացումնից զերծ պահելու համար մենք պետություն ունե՞նք. Սրբուհի Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Մենք չկարողացանք պաշտպանել մեր հայրերի հաղթանակը, մեզ ոչ ոք չի ներելու սրա համար, մենք ինքներս մեզ չենք ներելու՝ իշխանությունը, որովհետև ստեց, մենք, որովհետև հավատացինք ստին»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։

Նրա խոսքով, սա «հաղթելու ենք» վերնագրված մեր ամենախայտառակ պարտությունն էր։

«Մեր բանակը 2.5 տարում չէր կարող գերժամանակակից սպառազինությամբ բանակ դառնալ, այս պարտության ակունքներն ավելի վաղ անցյալից են գալիս, դա անժխտելի է։ Ինձ համար այս պարտության մեկնարկը տրվել է այս դահլիճում՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ Այո, մենք պարտադրված ենք ունենալ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։ Վազգեն Սարգսյանի խոսքն է, որը բոլորս մոռացանք»,- նշեց նա։

Ըստ պատգամավորի, հիմա շրջանառվում է նաև նոր միֆ՝ որոշ շրջաններում հայերի և ադրբեջանցիներ համատեղ խաղաղ ապրելու միֆն է.

«Ռոմանտիկան գուցե անհրաժեշտ է հեղափոխություն անելու համար, դա ինչ-որ տեղ կարևոր է լրագրության համար…, բայց աշխարհագրական այս դիրքում գտնվող երկրի նման ղեկավարման համար պետք է լինել իրատես և հեռուն տեսնող։ Համատեղ ապրե՞լ, ինչպե՞ս»։

Սրբուհի Գրիգորյանի խոսքով, նայելով գերեվարված մեր զինվորների ստորացումները, իրենց տները չլքած տարեցների նկատմամբ տեղի ունեցողը տեսնելուց հետո չի կարելի հավատալ համատեղ ապրելու միֆին։

«Խոսվում է Սյունիքով անցնելիք ճանապարհի մասին։ Որտեղո՞վ է անցնելու այդ ճանապարհը, եթե դա չի անցնելու բնակավայրերի միջով, ինչպե՞ս ենք ապահովելու ճանապարհներին հարակից համայնք-բնակավայրերի քաղաքացիների անվտանգությունը։ Չե՞ն դատարկվելու այդ բնակավայրերը, մտածե՞լ եք այդ մասին։ Ինչպես երևում է՝ ոչ»,- նկատեց պատգամավորը։

Նա նշեց նաև, որ իշխանությունները չեն մտածել նաև գերիներին օր առաջ Հայաստան վերադարձնելու մասին.

«Հիմա խոսվում է, որ Բաքվում հաղթական շքերթ է կազմակերպվելու, և մեր գերիները, մեր հայրենակիցներն են ցուցադրվելու։ Այս ստորացումներից մեր հայրենակիցներին զերծ պահելու համար մենք պետություն ունե՞նք։ Բանակցելու հարց է, ինչպես նաև բանակցելու հարց է մեր սահմանների հարցը։ Վաղը ուշ է լինելու, շարժվե՛ք, պարոնայք։ Հետայսու ոչ մի բանակցությունում մենք չպետք է պարտվենք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում