Սա աթոռի համար պայքար չէ, Կառավարության հրաժարականը դարձել է համահասարակական պահանջ. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Սա աթոռի համար պայքար չէ, Կառավարության հրաժարականը դարձել է համահասարակական պահանջ. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am«Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը արդեն 4-րդ օրն է՝ հացադուլ է անում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Այսօր շտապ օգնության մեքենա էր ժամանել գործադիրի շենքի մոտ, հացադուլ իրականացնողների առողջական վիճակը ստուգելու համար:

Գեղամ Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքական, աթոռի պայքար չէ ընթանում, Կառավարության հրաժարականը դարձել է համահասարակական պահանջ, քանի որ կուսակցություններին, քաղաքացիներին միացել են նաև Երևանի պետական համալսարանը, Գիտությունների ազգային ակադեմիան, սյփուռքի կազմակերպությունները:

«Ռազմական դրությունը իշխանությունը ցանկանում է պահպանել առանց որևէ բովանդակության, իմաստը: Ռազմական դրության պայմաններում խաղաղ հավաքներն արգելված են, ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակվում և վերջապես՝ վարչապետին անվստահություն հայտնելու հարց չի կարող դրվել: Նիկոլ Փաշինյանը բոլոր միջոցներով փորձում է մի քանի օրով իր պաշտոնը երկարացնել»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ ժամանակավոր կառավարության ձևավորմամբ հնարավոր կլինի բեկում մտցնել և՛ արցախյան բանակցություններում, և՛ հայտնի հայտարարության դրույթների գործադրման հարցում:

«Հիմա Չարեկտարի պատմությունը, մարդկանց ասում են՝ դուրս եկեք, մարդիկ տներն են վառում, հաջորդ օրն ասում են՝ չէ, այս գյուղը մնալու է մեզ: Նույնը Բերձորի դեպքում է: Այս անպատասխանատվության շարանը, որ կա, վկայում է, որ անհնար է այս մարդը մեկ օր ավել մնա»,- նշեց «Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրենը:

Գեղամ Մանուկյանը կարծում է, որ Չարեկտարի հարցն ավելի կարևոր է, քան նախօրեին Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի ճանաչման անհրաժեշտության բանաձևի ընդունումը:

«Հարցը լուծվում է գետնի վրա: Երեկվանը, այո, քաղաքական ժեստ էր, բայց այս պայմաններում, երբ Չարեկտարի հարցը կա, Չարեկտար գյուղն ինձ համար ավելի կարևոր է, քան 7 հատ նման բանաձև: Սա անկախության ճանաչում չէ, Նիկոլ Փաշինյանը բառախաղով, իշխանական ամբողջ քարոզչամեքենան երեկ թողել էր արցախցի գյուղացուն ադրբեջանցի զինվորականի դեմ կանգնած, թողել հայ ռազմագերիների հարցը, ամեն ինչը թողել էր, լծվել էր մի բանի՝ տեսեք ինչ եղավ, բրավո մեր իշխանություններին»,– ասաց նա:

Հարցին, թե պայքարի առաջին օրերին և հիմա իշխանության վերաբերմունքում փոփոխություն նկատե՞լ եք, Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Անուններ չտամ, բայց բազմաթիվ իշխանավորներ տարբեր ոլորտների նույնիսկ իրենց զորակցությունն են հայտնում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում