Եթե Նիկոլ Փաշինյանը գիտեր ու ժողովրդին չէր ասում, սա ևս մեկ քրեական հոդված է. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Եթե Նիկոլ Փաշինյանը գիտեր ու ժողովրդին չէր ասում, սա ևս մեկ քրեական հոդված է. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՄեզ համար բացարձակ հասկանալի չէ, թե Նիկոլ Փաշինյանի ստորագրած այդ եռակողմ փաստաթղթից հետո ինչո՞ւ ենք մենք օրական այսպես տեղեկանում, որ այս գյուղը ևս պետք է հանձնվի, այս հատվածը ևս պետք է հանձնվի: Այս մասին այսօր Սոթքում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման հետևանքով Սոթքի հանքավայրի որոշ հատված անցնում է Ադրբեջանին։

Նաիրա Զոհրաբյանի համար անհասկանալի էր նաև երեկ տեղի ունեցած ասուլիսը, որի ժամանակ ՊԲ ԳՇ պետի տեղակալ գեներալ Տիրան Խաչատրյանը խոսեց իրավիճակի մասին՝ ասելով, որ տեղյակ չեն եղել կատարվածի մասին:

«Վատն այն է, որ սոթքեցիները մեզ ուղարկում են տեղեկություններ, թե ինչպես են թուրքերը թուրքերեն խոսելով դարպասներից ներս մտնում, նույն պահին վարչապետի օգնականն ասում է՝ սուտ է, չկա նման բան, ՊՆ-ն հայտարարում է՝ սուտ է, չկա նման բան, հետո մարզպետն է ասում, որ սուտ է, Վարդենիսի քաղաքապետը ասում է՝ սուտ չէ, Սոթքի համայնքապետը հաստատում է. գիտեք՝ այս արծրունհովհաննիսյանական սուտը 44 օրերի սուտն էր, որ մեր հայրենիքի սահմանը բերեց, այ հենց այստեղ»,– ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե այս ամենը նորություն չէ և այս մասին դեռ նոյեմբերի 10-ից էր պարզ, պատգամավորն արձագանքեց. «Ես չգիտեմ, թե նա ինչ գիտեր, համենայնդեպս, Սոթքի բնակիչները չգիտեին, որ թուրքը գալու է, դարպասը հանելու է և ասելու է՝ «ռադ եղեք ստեղից»: Եթե ինքը գիտեր ու ժողովրդին չէր ասում, սա էլ քեզ ևս մեկ քրեական հոդված»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում