Փաշինյանը շուտ է կտրվել իրականությունից և գտնվում է այլ իրականությունում. Գեղամ Մանուկյան

Փաշինյանը շուտ է կտրվել իրականությունից և գտնվում է այլ իրականությունում. Գեղամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am5-րդ օրն է, շարունակվում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլը: Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում հացադուլին միանալ ցանկացողներ են եղել, սակայն նպատակը նամանատիպ մեծաթիվ ակցիա կազմակերպելը չէ, այլ հարցը բարձրաձայնելն է:

«Այս պահին Կիմ Բալայանի աառողջության համար խիստ անհանգստանում ենք՝ տարիքի առումով, նաև լուրջ առողջական խնդիրներ ունի: Դեռ անդրդվելի է մնում»,– նշեց նա:

Հարցին՝ Կառավարությունից արձագանքներ կա՞ն, մոտենու՞մ են հացադուլավորներին, Գեղամ Մանուկյանն արձագանքեց, որ ոչ. «Կառավարությունից արձագանք չկա: Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ որպես կոլեգա, 1-2 անգամ այցելել է, հացադուլը դադարեցնելու խորհուրդ ինքն էլ է տվել, բայց մենք մեր որոշման տերն ենք»,-նշեց Մանուկյանը:

Անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս կգնահատի Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձը, Մանուկյանը պատասխանեց, որ ուղերձը չի տեսել, քանի որ Փաշինյանից ակնկալում է մեկ ուղերձ՝ հրաժարականի հայտարարություն:

«Դուստրս զանգեց, մի քանի բառով նկարագրեց: Իր արձագանքից հասկանալի է՝ ամեն մեկը կարող է ստեղծել արհեստական մի աշխարհ, այդ աշխարհում հանդես գալ որպես հպարտ քաղաքացիների առաջնորդ, բայց, ի տարբերություն բոլոր նախկին իշխանությունների, ինքը սարսափելի շուտ է կտրվել իրականությունից և գտնվում է լրիվ ուրիշ իրականության մեջ, չի հասկանում, որ գահավիժումը շատ ավելի ծանր է լինելու: Առնվազն տեղ պետք է թողնել, որ հաջորդ սերունդներն ասեն՝ այո, սխալների հետևանքով եղավ դառը պարտություն, բայց մարդն արժանապատվություն ունեցավ իշխանությունը թողնել: Իր մոտ դա դեռ չկա, վստահ եմ, որ շատ շուտ լինելու է»,– ասաց նա՝ նշելով նաև, թե երեկոյան կծանոթանա ուղերձին և մանրամասն արձագանք կկատարի:

Ըստ Մանուկյանի՝ Փաշինյանը կարծում է, որ այժմ ՀՀ-ում 2018-ի հասարակությունն է, որին կարող է կեղծ լոզունգներով, խոստումներով առաջնորդել, բայց, ըստ ՀՅԴ անդամի, Փաշինյանը չարաչար սխալվում է:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Փաշինյանը խոսել է գերիների փոխանակման մասին՝ նշելով, թե այդ հարցը միայն մեզնից չի կախված և դրանում է դժվարությունը, Մանուկյանը դիմեց հենց վարչապետին.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, երբ գաղտագողի հայտարարություն էիր ստորագրում Ադրբեջանի, ՌԴ-ի նախագահների հետ, երբ ամաչել ես տեսախցիկների առաջ այդ պահին երևալ, ստորագրում էիր միայն մի՞ բանի համար, որ հետո գլուխ գովես, թե 35 000 երիտասարդի կյանք ես փրկել, մի վայրկյան չմտածեցի՞ր, որ թշնամուդ ձեռքում մեր զինվորներն են ռազմագերի, մարտական հենակետերում զոհված հարյուրավոր զինվորներն են, որոնց աճյունները պետք է տեղափոխել: Մի րոպե մտածեիր՝ միգուցե կարողանայիր կետ պարտադրել, որ գերիների փոխանակում, դիակների դուրսհանում պետք է լինի: Մի վայրկյան մտածեիր, որ դու Հայաստանի բոլոր քաղաքացիների պատասխանատուն ես, թե լայվերով մի քիչ ավելի այլ վիճակում կարող ես գլուխ գովել հպարտ քաղաքացիների մասին քո ելույթներով»,– ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում