«Իսրայելցի գործակալները, անկասկած, կանգնած են իրանցի գիտնականի սպանության ետևում». ամերիկացի վերլուծաբան

«Իսրայելցի գործակալները, անկասկած, կանգնած են իրանցի գիտնականի սպանության ետևում». ամերիկացի վերլուծաբան

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ամերիկացի քաղաքական վերլուծաբան և գրող Քևին Բերեթը Tasnim գործակալության հետ զրույցում ասել է, որ «իրանցի բարձրաստիճան ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության ետևում, անկասկած, կանգնած են իսրայելցի գործակալները՝ հավելելով, որ Թել Ավիվի ռեժիմը պետք է հաշվետու լինի այս և այլ հանցագործությունների երկար ցուցակի համար»:

«Մոհսեն Ֆահրիզադեն, անկասկած, սպանվել է Իսրայելի գործակալների կողմից: Սա ահաբեկչական գործողություն էր, որը բնութագրվում է որպես «կանխամտածված հարձակում քաղաքացիական անձի վրա»: Գիտնականները քաղաքացիական անձինք են: Նրանք օրինական թիրախներ չեն»,- ասել է արաբագետ-իսլամագետ Բերեթը:

Վերլուծաբանի խոսքով՝ «այս գործողությամբ Իսրայելը ևս մեկ անգամ ապացուցել է, որ ինքը ժամանակակից պատմության ամենահանցավոր ռեժիմ ունեցող երկիրն է, մարդկության պատուհասը»:

«Ինչպես ասում է ֆրանսիացի պատմաբան Լորեն Գյենոն, Իսրայելը հոգեկան հիվանդների երկիր է»,– նշել է Բերեթը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն։

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։

2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում