Նիկոլ Փաշինյանը տեր չի կանգնում զինվորին, անհետ կորածին․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը տեր չի կանգնում զինվորին, անհետ կորածին․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՆիկոլ Փաշինյանը տեր չի կանգնում զինվորին, անհետ կորածին, ամեն օր թույն է ներարկում հանրությանը, հիմա էլ թույն է ներարկում բանակի դեմ, մարդկանց ուղղորդում է Զինված ուժերի դեմ, իր «ֆեյքերով» սկսել է Զինված ուժերի, ԶՈւ հրամանատարական կազմի, բանակի դեմ արշավ անել, միայն թե ինքը չոր դուրս գա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը:

Ի պատասխան հարցի, թե վեհափառ հայրապետն ինչ ասաց երկրում տիրող վիճակի մասին, երբ գնացել էր իրենց հորդորելու, որպեսզի դադարեցնեն հացադուլը, Գեղամ Մանուկյանն ասաց, որ քաղաքական զրույցը կարճ է եղել:

«Վեհափառն ասաց, որ պայքարի տարբեր ուղիներ կան, կյանքը պետք է շարունակվի, դուք կյանքով պետք է շարունակեք: Նկատի ունեցեք, եթե ասում եք՝ վեհափառը կամ Մայր Աթոռը պաշտոնապես հայտարարություն չի արել, հիշե՛ք Մայր Աթոռի բազմաթիվ սպասավորներ, այդ թվում դիվանապետ, թեմերի առաջնորդներ շատ կտրուկ ու հստակ արտահայտվել են: Հայ Առաքելական Եկեղեցին ժողովրդի մասն է»,- շեշտեց նա:

Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ եկեղեցու հազարավոր սպասավորներ՝ մեկը զենքը ձեռքին, մյուսը՝ Աշոտ երկաթի խաչը ձեռքին, առաջինից մինչև վերջին օրը սահմանին են եղել։

Հարցին, թե հացադուլից հետո պայքարի ի՞նչ միջոց է որդեգրելու, Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ բոլոր հնարավոր միջոցները կիրառելու է: «Կարող եմ հոդված գրել, ուղիղ եթեր մտնել, ցույցի մասնակցել, կարող եմ ձերբակալվել, տրոլեյբուսի գլխին կանգնել, կարող եմ Նիկոլ Փաշինյանի շարասյան դեմ պառկել, շատ բաներ կարող եմ անել»,- ասաց նա:

Ի պատասխան հարցի, թե ինչով է պայմանավորում սփյուռքի լռությունը և աջակցությունը Փաշինյանին, Գեղամ Մանուկյանը չհամաձայնեց, թե սփյուռքը լռում է: Նա հիշեցրեց, որ սփյուռքի բազմաթիվ կառույցներ, անհատ գործիչներ պահանջում են Փաշինյանի հրաժարականը: «Նայեք ռուսահայությանը, մարդիկ գլխիկոր են ման գալիս մի գողի՝ Նիկոլ Փաշինյանի պատճառով»,- շեշտեց Գեղամ Մանուկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում