Փաշինյանը, իր պատգամավորները պարտության սիմվոլ են և պետք է դադարեն երևալ. Մհեր Մկրտչյան (տեսանյութ)

Փաշինյանը, իր պատգամավորները պարտության սիմվոլ են և պետք է դադարեն երևալ. Մհեր Մկրտչյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԵրկրորդ օրը՝ դեպի ՌԴ դեսպանատուն երթից հետո ես հասկացա, որ այդ ոչ քաղաքական ֆորմատն իմը չէ, ես հասկացա, որ այդ ոչ քաղաքական ֆորմատն ինձ համար բավականին դիետիկ է, որովհետև ես հասկանում եմ՝ որն է խնդիրը, պատճառը․ ես չեմ կարող լինել կիսաքաղաքականացված: Նիկոլ Փաշինյանը վտանգ է երկրի համար, պետք է հեռանա և դատապարտվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ անդրադառնալով անհետ կորածների, գերիների վերադարձի հարցով կազմակերպված մտավորականների ակցիային և պատճառին, թե ինչու է դադարել մասնակցել դրանց:

Մհեր Մկրտչյանը հավելեց, որ ինքը ցանկանում է կոնկրետ խոսել վտանգի և մեղավորի մասին: «Ես՝ որպես Մհեր Մկրտչյան, կարող եմ ձեր եթերում էլ, ամենուր էլ ասել՝ մեղավորը Փաշինյանն է, նա բերեց այս ամեն ինչին, բազմիցս հայտարարվել է, որ Նիկոլ Փաշինյանը վտանգ է մեր երկրի, մեր պետության, պետականության և ապագայի համար ու պետք է հեռանա, ոչ միայն հեռանա, այլ դատվի, բայց դա արդեն դատարանը պետք է որոշի, ես դատավոր չեմ»,- շեշտեց Մկրտչյանը:

Հարցին՝ ի՞նչն է խնդիրը, որ մտավորականները խուսափում են «քաղաքական ակցիա» տերմինից դա բարդո՞ւյթ է, նա նշեց, որ սկզբում որոշվել է, որ ապաքաղաքական է ակցիան, որ մտավորականները գան: Մկրտչյանի խոսքով՝ նրանց մեծ մասն իրոք մտահոգ է, ուզում է օգտակար լինել, մարդիկ էլ կան, որոնք օգտագործեցին այդ ամեն ինչը, եկան ինքնամաքրվելու: Նրա կարծիքով՝ սկզբնական շրջանում այդպես ճիշտ էր հրապարակում հավաքվելը, բայց երբ երթեր ես անում, արդեն այլ երանգ է ստանում:

Մհեր Մկրտչյանը նշեց, որ ինքն էլ է 2018-ին իշխանափոխության հարցում ոգևորված եղել՝ կարծելով, թե նոր շունչ կլինի: «Բայց մարդ կարող էր սխալվել 2018 թվականի ավարտին, եկավ 2019-ը, էդ ոչ ոք ոչ մի բան չէ՞ր տեսնում, չէ՞ր հասկանում, 2020 թվականին էլ չէ՞ր հասկանում: Ժամանակը բավականին երկար էր, այսինքն ի՞նչ էր պետք, հողի վաճա՞ռք էր պետք՝ հասկանալու համար, որ սխալվել ես, իսկ մինչ այդ այդքան կետեր ու հնարավորություններ են եղել հասկանալու համար»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ խոսքը դերասան Միքայել Պողոսյանի մասի՞ն է, երբ ասում է կային մարդիկ, որոնք եկել էին ինքնամաքրման համար, նա նշեց, որ նույն Միքայել Պողոսյանը դեռ մի քանի ամիս առաջ հայտարարում էր, թե պետք է վերացնել այլ կարծիք ունեցող մարդկանց 4 տոկոսին:

Նա հավելեց՝ եթե հիմա իրեն հավաստիացնեն, որ Նիկոլ Փաշինյանը մնալու է 4 տարի, ինքը կունենա հզոր իշխանություն, բոլորը նրանից կվախենան, իր դիրքորոշումը չի փոխվի և էլի շարունակի պնդել՝ նա վտանգ է:

«Եթե հավատարիմ ես, մնա հավատարիմ, ես երկար ժամանակ չեմ ապրել Հայաստանում, չորս տարի, ես տեսել եմ մարդկանց, որոնք անկախ նրանից, դու համաձայն ես իրենց հետ, թե համաձայն չես, իրենք հավատարիմ են նրան, ինչին կամ ում հավատարիմ են, ես չեմ սիրում, երբ հաճախ փոխվում է, ես չեմ կարող դա գնահատել մարդկանց մեջ. Ես այսօր հավատարիմ եմ, վաղը ծախեցի, վաղը չէ մյուս օրը հասկացա, հասկանալու համար կար երկար ժամանակ, մտածող մարդու համար կար երկար ժամանակ գնահատականներ տալու, բայց սպասել, որ պատերազմից այսքան անց հասկանա, ես չեմ հավատում, այստեղ ես ուրիշ հոտ եմ առնում, և դա արդեն իմ գնահատականն է»:

Հարցին, թե ինչից հետո անցավ 2018-ի իշխանափոխության հարցում իր ոգևորվածությունը, Մհեր Մկրտչյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր քայլից, յուրաքանչյուր ջրի երես դուրս եկած անգրագետ մարդուց, վարչապետի յուրաքանչյուր հայացքից, ինչ-որ բան ուտելուց, ամեն ինչից: Իր խոսքից, ուտելուց, իր կողքի մարդկանցից, իր ժեստերից, դա բարդ չէր հասկանալ»:

Հարցին, թե ինչպես դուրս գալ պարտվածի հոգեբանությունից, Մհեր Մկրտչյանն ասաց, որ առաջին դեղամիջոցը այդ մարդկանց հեռացնելն է։ «Նիկոլ Փաշինյանը, իր պատգամավորները, իրենք դարձել են պարտության սիմվոլ մեր ազգի համար, երբ իրենք դադարեն երևալ, ազգը կսկսի իր մեջ կոտրել պարտվածի հոգեբանությունը, իսկ պարտված, թե վաճառված, ես բավականին երիտասարդ եմ և այդ օրը կտեսնեմ»:

Դիտարկմանը, թե իրենց հեռացնելուց հետո, մեզ հետ են լինելու զոհվածների հարազատները, անհետ կորածների հարազատները, տուն ու հայրենիք կորցրած մարդիկ, իսկ դա ինչպես է հաղթահարվելու, Մհեր Մկրտչյանն ասաց. «Այդ ամենի համար պետք է պետություն, իշխանությունը, ռեալ, ոչ թե թղթի վրա, պետություն է պետք, որն հիմա չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում