ԱԱԾ. Աշխատանքից ազատվել է 8 աշխատակից

ԱԱԾ. Աշխատանքից ազատվել է 8 աշխատակից

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.amԱԱԾ մամուլի կենտրոնը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակցի համապատասխան հայտարարության և վերջինիս հիման վրա մամուլի տարբեր հրապարակումների վերաբերյալ տեղեկացնում ենք հետևյալը.

www. facebook.com սոցիալական ցանցի անձնական էջում ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Գրիգորի Թավադյանի հայտարարության հիման վրա պատրաստված և նույն այդ հայտարարության մեջ նշված դրդապատճառներով ԱԱԾ աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելուն վերաբերող հրապարակումներն ու շահարկումներն իրականությանը չեն համապատասխանում:

Ավելին, անգամ հիշյալ հայտարարության հեղինակ-նախկին աշխատակցի ծառայողական պարտականությունները դադարեցվել են՝ հիմք ընդունելով նրա՝ նոյեմբերի 16-ին ներկայացրած զեկուցագիրը, որում նա բառացիորեն շարադրել է հետևյալը. «Խնդրում եմ իմ դիմումի համաձայն, ինձ ազատ արձակել զինվորական ծառայությունից, այլ աշխատանքի անցնելու նպատակով»:

Կրկին հերքելով ՀՀ ԱԱԾ աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելու վերաբերյալ ստահոդ լուրերը՝ միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչ այս պահն ընդամենը 5 աշխատակիցներ աշխատանքից ազատվել են սահմանված տարիքը լրանալու կապակցությամբ, 3 աշխատակիցներ՝ այլ աշխատանքի անցնելու հիմքով, ինչպես նաև դադարեցվել են Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած պատերազմական գործողություններում հավերժ հերոսացած գործընկերների ծառայողական պարտականությունները:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ զանգվածային լրատվության միջոցների մեր հարգարժան գործընկերներին խնդրում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց և վերջիններիս ներառմամբ տարաբնույթ մեկնաբանություններ կատարելուց»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում