Ռուս-ուկրաինական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա մեկ զոհ

Ռուս-ուկրաինական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա մեկ զոհ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանապահների ու սահմանախախտների մասնակցությամբ, որոնք փորձել են մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք:

Միջադեպի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Այս մասին գրում է inosmi.ru կայքը` հղում տալով ուկրաինական 112 հեռուստաալիքին:

«Դեկտեմբերի 4-ին Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության Բելգորոդի և Վորոնեժի մարզերի շրջանում դեկտեմբերի 4-ին սահմանապահ ջոկատը կասեցրել է 3 զինված անհայտ անձանց կողմից Ուկրաինայից Ռուսաստանի Դաշնության սահմանը խախտելու փորձը: Ձերբակալելու փորձ կատարելիս սահմանախախտները զինված դիմադրություն են ցուցաբերել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ռուս սահմանապահները պատասխան կրակ են բացել, որի արդյունքում մեկ մարդ ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, երկուսը փախուստի են դիմել անհայտ ուղղությամբ:

Նշենք, որ ուկրաինական կողմը դեռ տեղեկություններ չի հաղորդել այս միջադեպի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում