Արհեստական կերպով խորհրդարան ցրելը կլինի Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի երկրորդ դավաճանությունը. քաղաքագետ

Արհեստական կերպով խորհրդարան ցրելը կլինի Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի երկրորդ դավաճանությունը. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Pastinfo.amՀանրային տրամադրություններն այնպիսին են, որ մեր ժողովուրդը այլևս չի հանդուրժում դավաճան Փաշինյանի ղեկավարությունը,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Անդրադառնալով Վազգեն Մանուկյանին՝ Հայրենիքի փրկության շարժման թեկնածու առաջադրմանը՝ քաղաքագետը նկատեց, որ քաղաքական դաշտի բացարձակ մեծամասնության համար Վազգեն Մանուկյանի թեկնածությունն ընդունելի է, հետևաբար համախմբում «Հայրենիքի փրկության շարժման» շրջանակներում արդեն տեղի է ունեցել։

«Դժվար է գտնել մեկ այլ թեկնածու, որին աջակցեն միանգամից այսքան ուժեր: Սա ինքնին նշանակում է որ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը ճիշտ է: Այս պահին մեր երկրի առջև կան չափազանց շատ մարտահրավերներ, պետական կառույցները չեն գործում, պետությունը պարալիզացված է, բանակը և տնտեսությունը քայքայված, այս ամենից զատ առկա են նաև թշնամու պարտադրանքներ, որոնք օր օրի ավելի խիստ ընդգծված են դառնում, իսկ Հայաստանի հետ ոչ ոք հաշվի չի նստում: Կապիտուլյացիա ստորագրած երկրում վարչապետ լինելը հեշտ չի լինելու, ով էլ լինի, բայց կարևոր է որ թեկնածուն ունենա ճգնաժամային իրավիճակում կառավարման փորձ, իսկ Վազգեն Մանուկյանն ունի այդ փորձը»,- ասաց քաղաքագետը՝ վստահություն հայտնելով, որ վերջինս միանշանակ նա ի վիճակի է լինելու շատ բաներ շտկել:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ երկրի համար լավագույն տարբերակը կլինի, որ վարչապետը առանց խոչընդոտներ ստեղծելու հրաժարական ներկայացնի, այնուհետև ԱԺ-ն ընտրի ժողովրդի և «Հայրենիքի փրկության շարժման» կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին.

«Արհեստական կերպով խորհրդարան ցրելը կլինի Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի երկրորդ դավաճանությունը հայ ազգի նկատմամբ, որովհետև ամեն ինչ քանդելուց հետո, ըստ էության, քանդելու են նաև նորմալ ղեկավար ընտրելու հնարավորությունը:Հանրությունը պետք է գիտակցի, որ սա իսկապես կլինի երկրորդ դավաճանություն՝ նույնքան վտանգավոր և ցավալի հետևանքներով, որքան եղել է առաջին դավաճանությունը: Առաջին դավաճանության դեպքում մենք կորցրել ենք Արցախը, երկրորդի արդյունքում կարող են կորցնել նաև Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության մնալու որևէ ռեսուրս չունի, քանի որ հանրային տրամադրություններն այնպիսին են, որ ժողովուրդը այլևս չի հանդուրժում նրա ղեկավարությունը:

Մեր այն հարցին, թե ինչպես է գնահատում ԼՀԿ-ի քաղաքական կոնսենսուսից առանձնանալու և առանձին թեկնածու առաջադրելու քայլը, քաղաքագետը պատասխանեց.

«Ցանկացած քաղաքական ուժի գործողություն պետք է դիտարկել երկու առումով՝ որքանով են նպաստում ճգնաժամերը հաղթահարելուն և որքանով են նպաստում նոր ճգնաժամեր ստեղծելուն: Եթե ողջ քաղաքական դաշտը որպես թեկնածու ընտրել է Վազգեն Մանուկյանին և կոնսոլիդացվել են նրա շուրջ, դրան զուգահեռ ինչ-որ այլ բան նախաձեռնելով, ԼՀԿ-ն ինքն իրեն հակադրում է համընդհանուր կոալիցիային՝ մաս կազմելով Փաշինյանի դավաճանական թիմին: Ընդհանուրին չմիանալու, ջանքերը չհամատեղու բոլոր գործողությունները կարելի է դիտարկել դավաճանական իշխանությանը մատուցված ծառայություն»,- նկատում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը նաև հույս հայտնեց, որ «Իմ քայլի» պատգամավորները կգիտակցեն իրենց պատասխանատվությունը պետության առջև և ճիշտ որոշում կկայացնեն.

«Հիմա նոր վարչապետ ընտրելը արդեն քաղաքական հարց չէ, այլ ազգային կարևորության հարց է:Բոլորը պետք է գործեն որպես հայրենիքի և ժողովրդի առջև պատասխանատվություն ստանձնած և այդ պատասխանատվությունը կրող գործիչներ»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, թե ընդդիմության քայլերը խոչընդոտում են գերիների վերադարձի գործընթացին, քաղաքագետը որակեց մարդկանց զգացմունքների վրա ազդելու փորձ.

«Նիկոլ Փաշինյանը ստում է, ինքը որևէ գործ չի անում գերիներին վերադարձնելու համար, նա ոչ մի բան չի անում նաև վիրավոր զինծառայողներին անհրաժեշտ առողջական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:Նիկոլ Փաշինյանը բացարձակ ոչինչ չի անում որպես երկրի ղեկավար, նա բացառապես զբաղված է իր իշխանությունը պահելու խնդրի լուծմամբ, նա ողջ պատերազմի ընթացքում և հիմա էլ չի բացվել մեր պետության առջև ծառացած խնդիրները լուծելով, միայն փորձել է պահպանել իր իշխանությունը»,- զրույցի վերջում ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում