Պարտվել է ոչ թե բանակը, այլ պետությունը, բանակն անձնվիրաբար կռվել է․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Պարտվել է ոչ թե բանակը, այլ պետությունը, բանակն անձնվիրաբար կռվել է․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄեզ համար աննպաստ քաղաքական փաստաթուղթ է ստորագրվել, որի պատասխանատվությունը ՀՀ իշխանությունների վրա է, իսկ եղե՞լ է արդյոք դավաճանություն, թե ոչ, ժողովուրդը կորոշի, այն ժողովուրդը, որին վարչապետը խոստացել էր, որ առանց նրա իմացության որևէ փաստաթուղթ չի ստորագրի, իհարկե՝ իրավապահ մարմինները ևս պետք է գնահատական տան: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը:

«Ես և գեներալ Խաչատուրովը պատերազմի առաջին օրը գնացել ենք ՊՆ, երկու օր շարունակ մեզ չընդունեցին։ Ես որոշեցի ինքնակամ մեկնել Արցախ՝ աջակցելու ՊԲ-ին, ներկայացա Արայիկ Հարությունյանին, ապա մեկնեցի հրամանատարական կետ։ Սեպտեմբերի 30-ին ես արդեն պնդում էի, որ ՀՀ և Արցախի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն՝ վերականգնեն բանակցային գործընթացը։

Վարչապետը որոշել էր, որ փորձառու գեներալներն իրավունք չունեն հրամանատարական կետ այցելելու, Արայիկ Հարությունյանն ինձ անձամբ արգելեց գնալ այնտեղ»,– ասել է ռազմական գործիչը:

Ըստ Օհանյանի՝ իրեն արգելվել է մասնակցել ռազմական գործողությունների ծրագրմանը, փոխարենն առաջարկել են զորահավաքային, աշխարհազորային ռեսուրսի հարցերը հոգալ. «Ես իմ նախաձեռնությամբ աջակցություն եմ ցուցաբերել Շուշիի աշխարհազորի ձևավորմանը։

Նոյեմբերի 5-ին մենք երեք կողմից շրջափակման մեջ էինք, գործել եմ ըստ իրավիճակի, բանակի հրամանատարությունն ինձ հետ կապ հաստատելու փորձ չի արել։

Իմ ֆիզիկական վիճակից ելնելով՝ չէի կարող փախնել, թող չշահարկեն։ Նոյեմբերի 6-ի առավոտյան մենք լքել ենք քաղաքը, քանի որ բանակի ղեկավարությունը որոշել էր տեղափոխել հրամանատարական կետը»:

Գեներալ-գնդապետի կարծիքով՝ անհրաժեշտ է ՊՆ-ում ստեղծել մի հանձնաժողով, որը կվերլուծի մեր պարտության պատճառները. «Պարտությունը և՛ քաղաքական ու դիվանագիտական է, և՛ ռազմական՝ օպերատիվ-մարտակավարական օղակում։

Պետք է փակել բոլոր նրանց բերանը, ովքեր ասում են, թե միայն բանակն է պարտվել։ Պարտվել է ոչ թե բանակը, այլ պետությունը, բանակն անձնվիրաբար կռվել է, հերոսությունների դրվագներ են ցուցաբերել։ Մեր բանակը եղել է մրցունակ, սպառազինություն է ունեցել։ Դիվանագիտական թերի աշխատանքը պետական կառավարման համակարգի բացթողումներից է»:

Սեյրան Օհանյանի պնդմամբ՝ բանակցային գործընթացում մենք մեկուսացած էինք, և Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարությունն օգտվեց դրանից ու պատերազմ սկսեց. «Մենք կարող էինք կա՛մ կանգնեցնել պատերազմը ինչ-որ բնագծերում, կա՛մ այսքան զոհով հաղթանակ ունենալ։ Գոնե լեռնաանտառային հատվածներում մենք ունեինք այդ հնարավորությունը։ Պարտության պատճառներից մեկը կարգապահության ցածր մակարդակն էր հատկապես զորահավաքային ռեսուրսում»:

ՀՀ պաշտպանության նախկին նախարարի պնդմամբ՝ պարտության հիմնական պատճառն իշխանության անգրագիտությունն ու անփութությունն էր, պաշտպանության ոլորտում արված անհամափաչափ փոփոխությունները:

«Ալիևը հոխորտում է, ծաղրում է Նիկոլ Փաշինյանին, նա չի պատասխանում։ Եթե նա պատասխանի, Ալիևը կասի՝ այսքանից հետո դու դեռ խոսո՞ւմ ես։ Մեզ պե՞տք է պարտված ղեկավար, որը չի կարող բանակցություններ վարել։

Ստեղծվելիք անցումային կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի անվտանգության, պաշտպանության ոլորտին՝ արագ լուծելու ՀՀ սահմանային խնդիրները, սահմանապահ բնակիչը չպետք է միայնակ մնա»,- ամփոփել է Արցախի հերոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում