Այս ամիսները խայտառակ անկումային են լինելու, ինչը բերելու է մարդկանց աղքատացմանը. Միքայել Մելքումյան

Այս ամիսները խայտառակ անկումային են լինելու, ինչը բերելու է մարդկանց աղքատացմանը. Միքայել Մելքումյան

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱնիշխանության մթնոլորտ է տիրում մեր երկրում, պետական կառավարման համակարգը բարձիթողի վիճակում է, և բիզնեսը բացասական սպասումների մեջ է, որևէ ներդրում չի կատարվում, քանի որ գործարարները սպասում են տեսնեն, թե այս ամենն ինչով կհանգուցալուծվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` անդրադառնալով Հայաստանի տնտեսական իրավիճակին:

Խոսելով թանկացումների մասին՝ նա նշեց, որ դրանք միայն պատերազմով չեն պայմանավորված, այլ մինչ այդ էլ տնտեսական կառավարման համակարգում ձախողումներ կային:

«Տեսնում եք, թե փոխարժեքի հետ ինչ է կատարվում, և թանկացումների հիմնական մասը փոխարժեքի տատանումների հետ է կապված: Սա բերելու է մարդկանց աղքատացմանը, քանի որ մարդիկ դրամով են ստանում իրենց աշխատավարձը, իսկ եթե նույն ապրանքը դրամով թանկացել է, խնդրի առաջ են կանգնում: Այսինքն, եթե ունենանք 15-20 տոկոս թանկացումներ, նշանակում է, որ այդքան տոկոսով մարդիկ կաղքատանան, ինչը ծանր է լինելու, առավելևս ձմռան հետ կապված`գազի, էլեկտրաէներգիայի վճարումները դեռ առջևում են»,– ասաց նա:

Ըստ տնտեսագետի՝ սա նշանակում է նաև, որ բացասական սպասումների ֆոնը այնքան մեծ է, որ մարդիկ իրենց մոտ դրամ չեն պահում, քանի որ այն կարող է արագ արժեզրկվել: «Այնպես որ, այս ամենը դեռ պետք է հանգուցալուծվի, եթե չհանգուցալուծվեց կաթվածահար է լինելու ամբողջ տնտեսությունը»,– ասաց նա:

Միքայել Մելքումյանը նկատեց, որ երկիրն արդեն տնտեսական ճգնաժամի մեջ է: Խոսելով տնտեսության վրա համավարակի ազդեցության մասին՝ պատգամավորն ասաց, որ թեև դեռ ապրիլի 2-ին Կառավարությունը ճշգրտեց անկման ցուցանիշը՝ մինչև 6,8 տոկոս անկում կանխատեսելով, սակայն ինքը գտնում է, որ 10 տոկոսից ավելին է լինելու: Նա հիշեցրեց 2009 թվականի տնտեսական ճգնաժամը, երբ անկումը 14,1 տոկոս էր:

«Այս ամիսները խայտառակ անկումային են լինելու, դա իր հերթին բերում է նրան, որ հարկային մուտքերը պետական բյուջե բավականաչափ իջնում են, բնակչությանը աղքատացնում է»,– ասաց նա:

Միքայել Մելքումյանը նկատեց, որ առանց այդ էլ առաջին և երկրորդ եռամսյակներում ոչ միայն ներդրումներ չեն եկել Հայաստան, այլ ներդրումները հոսել են դուրս մեծ քանակությամբ: «Հատկապես դուրս է հոսել ռուսական կապիտալը` դեպի Ռուսաստան: Այսինքն՝ քո ռազմավարական գործընկերոջ հետ նույնիսկ չես իմացել ինչ կերպ հարաբերություններ ձևավորել, որ գոնե ռուսական կապիտալը դուրս չհոսի, և հոսքը վերաբերում է էներգետիկ ոլորտին, կոմունիկացիոն ոլորտին: Սա նշանակում է, որ այս իշխանությունը քաղաքական առումով իր ռազմավարական գործընկերոջ հետ վարել է, ըստ էության, հակապետական քաղաքականություն: Այսինքն՝ քաղաքական անկայուն վիճակ է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության չմասնակցելուն, նա ասաց, որ իրենց օրակարգում միայն մեկ հարց կա` Նիկոլ Փաշինյանի հեռացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում