Հին Շենը շարունակում է ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ մնալ. համայնքապետ

Հին Շենը շարունակում է ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ մնալ. համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՀին Շենը շարունակում է ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ մնալ, երեկվանից միայն մի բան է փոխվել, որ ռուս խաղաղապահները ևս հսկում են գյուղը, նույն տեղում են, ինչ մենք: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Շուշիի շրջանի Հին Շենի համայնքապետ Սամվել Սարգսյանից:

Նշենք, որ ըստ ռուսական լրատվամիջոց «Վարգոնզո»-ի՝ գյուղն ապաշրջափակվել է, որը Սարգսյանը հերքեց:

Գյուղում տիրող իրավիճակի մասին վերջինս նշեց. «Բնակիչները չեն տարհանվել, ճանապարհը փակ է, բնակիչներն էլ չեն ուզում գյուղը լքել. ո՞ւր գնան, ինչի՞ լքեն: Պաշտպանվում ենք, պաշտպանելու ենք, մեր զորքն այստեղ է, մեր հայկական բանակն այստեղ է, մեր կամավորներն այստեղ են, փառք նրանց»:

Նշենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտով պայմանավորված՝ հանձնվող տարածքների մեջ Հին Շենը չի եղել և ըստ ռուս խաղաղապահների քարտեզի՝ այն ի սկզբանե նրանց վերահսկողության գոտու մեջ էր նշվում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը՝ բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում