Արթուր Վանեցյան. Երկիր ենք կորցնում

Արթուր Վանեցյան. Երկիր ենք կորցնում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armlur.am: «Եռաբլուրում ամփոփված են մեր զոհված զինծառայողների մարմինները։ Ո՞վ է նրանց զոհվելու մեղավորը։ Ես կարծում եմ՝ Եռաբլուր գնալը բարոյականության հարց է։ Կարծում եմ՝ բարոյականությունից ելնելով, ու քանի դեռ տրված չեն պատերազմը սկսելու, ընթացքի ու արդյունքների մասին պատասխանները, Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցներն ուղղակի իրավունք չունեն Եռաբլուր այցելելը դարձնել քաղաքական գործընթացի մաս»,- Armlur-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Հարցին, հնարավո՞ր է Փաշինյանի՝ Եռաբլուր այցելությունը քաղաքացիական բախումների պատճառ դառնա, Վանեցյանն արձագանքել է՝ երկրի կայունության թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, նա պետք է հասկանա, թե իր որ արարքը կամ չարածը կարող է բերել հասարակության բախման։

«Հասարակությունն իրականում շատ լարված է այսօր, բոլորը շատ հուզված են, ցանկացած փոքր միջադեպ կարող է բերել վատ հետևանքներ ունեցող բախման»,-ասաց նա։

Արթուր Վանեցյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ իշխանության գալու, իշխանություն ունենալու նպատակ չունեն։

«Երկիրն այսօր գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ես սա ասում եմ, ոչ թե որպես ընդդիմադիր կուսակցության ղեկավար, որպես քաղաքականությամբ զբաղվող մարդ, այլ որպես երկար տարիներ ԱԱԾ-ում աշխատած մարդ, գեներալ։ Երկիրն այսօր կանգնած է լուրջ վտանգի առջև։ Մեք այսօր ունենք լրջագույն խնդիրներ Հայաստանի սահմանները պահպանելու, սահմանները գծելու հետ, սահմանմերձ բնակավայրերի բնակիչների անվտանգությունն ապահովելու, մեր սուվեներությունը պահելու հետ։ Մեր բանակն այս պատերազմից հետո գտնվում է ոչ բարվող վիճակում, զոհվել է բանակի սպայակազմի մեծ մասը, հարցը վերաբերում է մեր ֆիզիկական գոյությանը»,- խնդիրները, վտանգներն ու սպառնալիքները թվարկեց «Հայրենիք»-ի ղեկավարը։

Նա ընդգծեց, անցած 2.5 տարում Փաշինյանն ու իր թիմը ցույց են տվել, որ նրանք չեն կարողանում աշխատել, ձևը չգիտեն, այդ մարդիկ չգիտեն, ինչ է պետությունը, չգիտեն, ինչ պետք է անել, ինչ խոսել։

Վանեցյանն ընդգծեց՝ պատերազմի ավարտից 40 օր անց ունենք չհայտնաբերված զինվորներ, մինչդեռ պետությունը պարտավոր էր առաջնահերթ իրականացնել բոլոր միջոցառումները նրանց գտնելու համար։

«Պատերազմից մոտ 40 օր հետո Արցախի տարածքում նորից մարդիկ են գերեվարվում, շուրջ 49 գերավարված անձ ունենք։ Այդ մարդը չի կարողանում ոչինչ անել, իր բոլոր քայլերը ուղղված են իր իշխանությունը պահելուն»,-մանրամասնեց Վանեցյանը։

Անդրադառնալով ընդդիմության շարքերում տարաձայնությունների առկայության մասին լուրերին, Վանեցյանն ասա, այս պահին տարաձայնություններ չկան, համախմբված են մի հարցի շուրջ, սակայն դրանք գաղափարախոսությամբ բոլորովին տարբեր ուժեր են։

«Բայց հասկացեք, սա զուտ քաղաքական պայքար չէ։ Սա պայքար է հանուն հայրենիքի փրկության։ Մենք երկիր ենք կորցնում, իրոք, հավատացեք, մենք երկիր ենք կորցնում։ Հանուն հայրենիքի փրկության ես պատրաստ եմ կանգնել բոլորի կողքին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հետագայում ընտրությունների ժամանակ այդ ուժերը չի բացառվում որ մրցակցեն միմյանց հետ։

Ընդդիմադիր գործիչն ընդգծեց՝ պատրաստ է հանդիպել Փաշինյանի հետ վերջինի հրաժարականի հարցը քննարկելու համար։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում