Պենտագոնը դադարեցրել է Բայդենի անցումային թիմի հետ փոխգործակցությունը. Axios

Պենտագոնը դադարեցրել է Բայդենի անցումային թիմի հետ փոխգործակցությունը. Axios

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ նոր վարչակազմին լիազորությունների փոխանցման համար նորընտիր նախագահ Ջո Բայդենի ներկայացուցիչների հետ Պենտագոնի փոխգործակցությունը դադարեցվել է գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարի ցուցումով, հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Ինչպես պորտալին պատմել են իրազեկ աղբյուրները, ԱՄՆ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիս Միլլերը կարգադրել է «Բայդենի անցումային թիմի հետ դադարեցնել փոխգործակցությունը»:

Վարչակազմի բարձրաստիճան աղբյուրները հայտնել են, որ չգիտեն՝ որն է Միլլերի որոշման պատճառը, և արդյոք գործող նախագահ Դոնալդ Թրամփը կապ ունի այդ որոշման հետ: Նրանք նաև չեն բացառել, որ փոխգործակցությունը կարող է վերսկսվել ամանորյա տոների ավարտից հետո:

Օրեր առաջ Միլլերը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «Պենտագոնն ու նրա ղեկավարությունը, որոնք պատասխանատու են լիազորությունների փոխանցման համար, ամբողջությամբ համագործակցում են Բայդենի անցումային թիմի հետ»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չի կայացել ԱՄՆ-ի գործող պետքարտուղար Մայք Պոմպեոյի և այդ պաշտոնում Բայդենի թեկնածուի՝ Թոնի Բլինկենի առաջին հանդիպումը։ Պետդեպարտամենտը հայտնել է, որ Պոմպեոն կորոնավիրուսով վարակված անձի հետ շփման պատճառով ինքնամեկուսացել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում