Նիկոլ Փաշինյանը սգո օր հայտարարելով՝ այս օրը ևս օգտագործեց իր քաղաքական շահերի համար. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը սգո օր հայտարարելով՝ այս օրը ևս օգտագործեց իր քաղաքական շահերի համար. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄեր սուգը երկար և անգամ հավերժ կլինի, եթե չպայքարենք, մենք հանձնվելու իրավունք չունենք, մենք ծնկելու իրավունք չունենք, մենք զիջելու իրավունք չունենք: Պետք է ոտքի կանգնենք, վերականգնենք մեր արժանապատվությունը, պետք է հավատանք մեր երկրին և ապագային: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության» հանրահավաքի ժամանակ Երևանի Ազատության հրապարակում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Ըստ Սաղաթելյանի՝ այս ամենն իրականություն դարձնելու ներուժը մենք ունենք, հետևաբար, առանց ընկճվելու առաջ պետք է շարժվենք: «Նիկոլ Փաշինյանը սգո օր հայտարարելով՝ այս օրը ևս օգտագործեց իր քաղաքական շահերի համար, նա այսօր պղծեց Եռաբլուրը, նա կրկին երկիրը տանում է ցնցումների: Բոլորին արդեն ակնհայտ է, որ այս մարդու համար իր աթոռն ավելի թանկ է, քան հայրենիքը, ներքին կայունությունն ու համերաշխությունը»:

Նա շեշտեց՝ այս օրերին բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները զբաղված են եղել, իր գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի շոուն կազմակերպելով, սակայն նույնքան եռանդով չեն զբաղվել ո՛չ փախստականների, ո՛չ գերիների հարցով, ո՛չ մեր երկրի առաջ ծառացած խնդիրներով: «Իսկ, եթե հարց է դրվում աշխատել հանուն նրանց իշխանության պահպանման՝ նրանք ակտիվ և կազմակերպված են»:

«Այս մարդուն պետք է հեռացնենք, որպեսզի փրկենք մեր հայրենիքը: Մեր գլխավոր նպատակն է կասեցնել մեր երկրի անկումը, կանխել մեր պետական ինստիտուտների քայքայումը, պաշտպանել մեր երկրի սահմաններն ու անվտանգությունը, կանխել մեր երկրին սպառնացող սոցիալ-տնտեսական կոլապսը և հումանիտար աղետը, և վերջապես մեր երկրում հաստատել համերաշխություն, կայունություն, վերջ դնել այս պառակտումներին, ստին, կեղծիքին»,– ասաց Սաղաթելյանը:

Նրա համոզմամբ՝ այս ամենի ճանապարհին մեկ խոչընդոտ կա, ավելի պարզ նա այդ խոչընդոտն անվանեց չարորակ ուռուցք, որը վերջինիս խոսքով՝ երկրի գերագույն, գլխավոր դավաճանն է, որին հեռացնելը պետք է միասնական ուժերով լինի: Սաղաթելյանը հիշեցրեց, որ երեքշաբթի օրվանից սկսվելու են համատարած դասադուլները, գործադուլները, բողոքի, անհնազանդության զանգվածային միջոցառումները, որին զուգահեռ շրջափակվելու են Կառավարության և նախարարությունների շենքերը:

«Ավելի լավ է՝ այդ աթոռները դատարկ մնան, քան աշխատեն մեր ժողովրդի դեմ, այդպես ավելի անվտանգ կլինի: Եթե Նիկոլ Փաշինյանը չի հեռանում պետական համակարգից, ապա պետք է համակարգը հեռացնենք նրանից: Այլ ճանապարհ չունենք: Մենք հավատում ենք ձեզ, ես ձեր բոլորի աչքերին սուգ եմ տեսնում, բայց նաև լույս եմ տեսնում, հանուն մեր պայքարի, հանուն մեր երկրի: Սիրելի հայրենակիցներ, եկեք համախմբվենք, բռունցք անենք, ոտքի կանգնենք, վերականգնենք մեր արժանապատվությունը, կերտենք մեր երազանքի հայրենիքը, ձեր ցավը տանեմ, մենք ձեզ հավատում ենք, բռունցք դառեք, ոտքի կանգնեք»,– ամփոփեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում