Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման հարցը

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԴեկտեմբերի 22-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի միջև, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում կայունանում է, իսկ պայմանավորվածությունները, որոնք ամրագրվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ընդհանուր առմամբ, հետևողականորեն իրագործվում են: Ընդգծվել է ռուս խաղաղապահների կողմից իրականացվող հաջող աշխատանքը, որոնք Բաքվի և Երևանի խնդրանքով ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումն ու քաղաքացիական բնակչության անվտանգությունը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը հաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր հայեցակետերի համակարգումը շարունակելու պատրաստակամությունը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Առավել արդիական հայեցակետերի շարքում նշվում են հումանիտար խնդիրները՝ կապված տեղահանված արցախցիների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, մշակութային և կրոնական հուշարձանների պահպանման հետ, մասնավորապես՝ Հումանիտար հարցերով արձագանքման միջազգային կենտրոնի գծով:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում