Ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանի գլուխը մտնի․ Արմեն Մինասյան (տեսանյութ)

Ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանի գլուխը մտնի․ Արմեն Մինասյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱյն, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզում հեռանալ, փաստ է, դա նաև ինքն է հայտարարել։ Ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ հայ ժողովրդի առաջ եղած սպառնալիքները չեն վերացել, իսկ դրանք գնալով ավելանում են։ Այս մասին Կառավարության դիմաց քաղաքացիների բողոքի ակցիայի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունները կարող են ապահովել ցանկալի արդյունքը, երբ նրա օրակարգում հրաժարականն առկա չէ։

Նա նշեց՝ ՌԴ նախագահը ևս հայտարարել է, որ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ են բանակցություններ, և, ըստ Մինասյանի, որևէ մեկը չի մտածում, թե Նիկոլ Փաշինյանը կկարողանա Ալիևի հետ բանակցել։

«Չնայած Նիկոլ Փաշինյանը գոռում էր «դուխով», չկարողացավ այդ «դուխը» դրսևորել ու կապիտուլյացիայի ակտը ստորագրեց, դրա ժամանակ նա թաքնված էր, հետևաբար նա առհասարակ չի կարող բանակցություն վարել։ Ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանի գլուխը մտնի, որ ինքը չի կարող հայ ժողովրդի շահն առաջ տանել։ Կառավարության նիստն էլ ընթանում է, քանի որ պատսպարված է ոստիկանական վահանների հետևում»,-ասաց նա։

Անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին ու Փաշինյանի այն հայտարարությանը, թե Սյունիքից 1 մմ անգամ թշնամուն չի հանձնվելու, սակայն, օրինակ, Որոտանի, մի ընտանիք անտուն է մնացել, քանի որ, ըստ ադրբեջանցիների, տունը գտնվում է իրենց կողմում, Մինասյանն արձագանքեց․

«Երկրի ղեկավարը չի կարող նման երաշխիքներ տալ, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանները երբեք չեն եղել հստակ սահմանազատված։ ԽՍՀՄ ժամանակ մենք ունեցել ենք վարչական սահմաներ, որոնք ամեն տարի փոփոխությունների են ենթարկվել, որովհետև ինչ-որ դիմումներով հարևան կոլտնտեսությունները հողահանդակներ են փոխանցել ադրբեջանական կոլտնտեսությանը՝ որոշակի ժամանակով օգտագործման։ Դա չի նշանակում պետական սահման։ Պետական սահմանազատումը տեղի է ունենում միջպետական փաստաթղթերով, անհնար է մի շաբաթում Ադրբեջանի հետ այդ գործն անել»,-ասաց քաղաքագետը։

Բացի այդ, Մինասյանն ընդգծեց՝ երբ, օրինակ, Ադրբեջանին հանձնվում են առանձնատներ, դրանք ունեն ՀՀ կադաստրի կողմից տրված փաստաթղթեր․ «Հետևաբար հարց է առաջանում՝ ըստ Նիկոլ Փաշինյանի, եթե դրանք Հայաստանի տարածք չէին, ինչո՞ւ եք տվել կադաստրի վկայական ու գույքահարկ հաշվել։ Ով պետք է այս հարցերի պատասխանը տա»,- ասաց նա՝ նշելով, թե կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից մոտ 1,5 ամիս է անցել, սակայն մինչ օրս շատ հարցեր անպատասխան են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում