Նիկոլ Փաշինյանը փորձում է մոլորության մեջ գցել մարդկանց. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը փորձում է մոլորության մեջ գցել մարդկանց. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Նիկոլ Փաշինյանը պետական սահմանները շփոթում է վարչական տարածքների հետ և հղում անելով 2010թ. վարչատարածքային բաժանման մասին օրենքին՝ խաբում է մարդկանց: Այս մասին այսօր Կառավարության դիմաց ընթացող ակցիայի ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Վարչապետի պաշտոնը զբաղեցրած դավաճան Նիկոլը վարչական տարածքները շփոթում է պետական սահմանների հետ և փորձում է մարդկանց մոլորության մեջ գցել, խաբել, իբրև հիմնավորել, թե ինչու են հայկական գյուղերը անցնում Ադրբեջանին, և ինչու են մեր քաղաքացիները տնազրկվում»,- ասաց նա:

Բացի Սյունիքի մարզում սահմանազատման իրականացման խնդիրներից, նրա խոսքով՝ նմանատիպ մտահոգիչ տեղեկություններ են գալիս նաև Տավուշի, Գեղարքունիքի մարզերի վերաբերյալ:

«Անգամ այդ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Կառավարության բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ իրենք նպատակաուղղված գնացել են հայրենիքը հանձնելուն, նպատակաուղղված աշխատել են այդ ուղղությամբ և հիմա էլ շարունակում են նույն ջանասիրությամբ արդեն քիչ թե շատ խաղաղ պայմաններում հանձնել մեր բնակավայրերը»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ըստ նրա՝ առկա անվտանգային, տնտեսական և այլ խնդիրների լուծումը հնարավոր է միայն Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո:

«Առանց հրաժարականի այս ամենը հանգուցալուծում չունի, երկիրը շարունակելու է գահավիժել, գլորվել անդունդը: Այլ հարց լուծել չենք կարող, որովհետև տեսնում ենք, որ պետական ապարատը, որքանով իր պոտենցիալը բավականացնում է, աշխատում է պետական շահի դեմ, հայրենիքի դեմ: Դրա համար, բոլոր խնդիրների լուծման համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ հեռանան դավաճան իշխանությունները, դրանից հետո պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, որի առաջնային խնդիրն է լինելու ներքին համերաշխությունը»,– նշեց քաղաքագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում